
Արմինֆո. ԱԺ նախկին պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը հիշեցնում է, որ պետական պարտքը՝ թե ներքին, թե արտաքին, ձևավորվում է հստակ ծրագրերի և միջազգային համաձայնագրերի հիման վրա։ «Նիկոլը ստում է, որ 8 միլիարդի պարտքը պետության, այսինքն՝ ՀՀ հըըըպաարտ հարկատուների վզին է փաթաթել զենք առնելու նպատակով», - գրում է Հակոբյանը՝ սոցցանցում:
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական պարտքը 2017 թվականին կազմել է 3,28 տրլն դրամ կամ 6,77 մլրդ դոլար (վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել 2018 թվականի "թավշյա հեղափոխության" արդյունքում - խմբ.), 2025 թվականի սեպտեմբերին այն աճել է մինչև 5,43 տրլն դրամ (14,20 մլրդ դոլար)։ Նոյեմբերի 13-ին խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի պետական պարտքի կտրուկ աճը բացատրել է զենքի գնմամբ և քովիդով: "Նաև կշտամբում են մեզ, թե ինչու է արտաքին պարտքը հասել 8 մլրդ դոլարի, ի՞նչ ենք արել այդ միջոցների հետ։ Չէի ուզում ասել, բայց ասեմ՝ զենք ենք գնել։ Մենք պարտքով զենք ենք գնել, որովհետև շատ զենք էր պետք, և՝ միանգամից», - ասել է Փաշինյանը։
«Ստում է, որովհետև պարտքի կառուցվածքը հասանելի է բաց աղբյուրներով և բոլորը կարող են տեսնել, թե պարտապաններն ինչ պայմաններով ու ինչի համար են 8 միլիարդ պարտք տվել: Ավելին՝ ով ուզի, բաց աղբյուրներով կտեսնի՝ պարտքը հիմնականում տվել են, որ Նիկոլը պետական ապարատին աշխատավարձ կարողանա տալ, իսկ իր շայկային ու միլիցեքին՝ հավելավճար:
Նիկոլի սուտը զարհուրելի է այնքանով, որքանով որ ստացվում է՝ պատերազմում պարտքով է պարտվել ու կապիտուլացվել: Արցախը հանձնել է ու դրա համար դեռ մի բան էլ 8 միլիարդի պարտք է փաթաթել հարկատուի վզին: Սա արդեն սուտ չէ, սա աբսուրդի թատրոն է:
Իրականում Նիկոլի սուտն այլ տեղ է ավելի վառ դրսևորվում: Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ տո այ ալամեզոն, 8 միլիարդի զենք առած լինեիր, հետդ խոսել չէր լինի… 8 միլիարդի զենք առած լինեիր, հիմա Ալիևին թամբած կլինեիր, ոչ թե հակառակը… 8 միլիարդի զենք առել ես, որ ի՞նչ անես՝ թուրքերի կոշիկները լիզե՞ս…», - գրել է Միհրան Հակոբյանը։
Նշենք, որ 2026 թվականի պետբյուջեի նախագծի համաձայն, 2025 թվականի վերջին Հայաստանի պետական պարտքը կաճի 695 մլրդ դրամով (1,82 մլրդ դոլար)՝ հասնելով 5 տրլն 820 մլրդ դրամի կամ ՀՆԱ - ի 52,9%-ի, իսկ 2026 թվականի արդյունքներով կհասնի 6 տրլն 569 մլրդ դրամի (մոտ 17,1 մլրդ դոլար, 382,61 դրամ/1դոլար) կամ ՀՆԱ-ի 55% - ի։ Ընդ որում, կշարունակվի արտարժույթով պարտքի մասնաբաժնի ավելացումը։ 2026 թվականին պետական պարտքի մարման և սպասարկման համար կպահանջվի 1 տրլն 053 մլրդ դրամ, որից 629,8 մլրդ դրամը կկազմեն պարտքի վճարումները, իսկ 423,2 մլրդ դրամ՝ տոկոսավճարները ՝ բյուջեի ակնկալվող 3 տրլն 91 մլրդ դրամ եկամուտների դեպքում ։ Այսինքն, վաստակած յուրաքանչյուր 3 դրամից 1 դրամը վճարվում է պարտատերերին ։ Ինչպես նշում են տնտեսագետները, պետական պարտքը ոչ միայն կրկնապատկվել է, այլեւ դարձել է Հայաստանի բյուջեի գլխավոր "շնչառական ապարատը"։