
Արմինֆո. Այս իշխանության հետևողականությունը քրեական հետապնդումներ իրականացնելու և քաղաքացիների ազատությունը «օդում կախելու» տեսանկյունից միշտ էլ աննախադեպ է եղել: Դրանք օգտագործվել են ոչ միայն մարտավարական խնդիրներ լուծելիս` ընթացիկ հեղինակության, լոկալ ընտրություններ, այլ ռազմավարական ուղենիշների ապահովման համար`իշխանության վերարտադրման: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ նոր մեղադրանքներ առաջադրելու կապակցությամբ։
«3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանքի առաջադրմանը նախորդել էր հայտնի «դիզելի գործի» փլուզումն ու 42 մլն դոլարանոց ՌԷՊ համակարգերի գործը ոչ արդյունավետ որակելու ֆարսը, որի ձեռքն իրավապահները կրակն են ընկել:
Սրա շրջանակներում, իշխանությունը նույնիսկ նախագահ Սարգսյանին արդարացնող դատավորին ապօրինի հեռացրեց համակարգից:
Նախագահին նոր մեղադրանքի առաջադրման հիմքում պաշտոնական քարոզչության տապալման քողարկումն ու ընթացիկ տեմպը պահելն է` հատկապես որ իշխանության ռեյտինգն աննախադեպ ցածր է, իսկ առջևում էլ` իշխանության համար կենաց-մահու ընտրություն է:
Գիտակցելով, որ հին մեթոդն արդեն բավականին մաշված է` «գրոհը» ուղեկցվեց ՀՀԿ ԳՄ անդամ Տարոն Մարգարյանին անձեռնամխելիությունից զրկելու գործընթաց նախաձեռնելով և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացնելով:
ՀԳ. Իշխանության անբարո գործողություններից հետ չեն մնում ընդդիմադիր դաշտում տեղավորված առանձին քաղաքական վարձկաններ, որոնք վերջին շրջանում, գործող ռեժիմի հետաքրքրությունների շրջանակներում, 24-ամյա ռեժիմով, հրապարակային «դանոսներ» են անում Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի առանձին դեմքերի դեմ», - գրել է ընդդիմադիրը:
Հիշեցնենք, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը նոր մեղադրանքներ է առաջադրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ՝ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի և "Եռաբլուր" զինվորական պանթեոնի հարևանությամբ գտնվող հողամասերն ապօրինի օտարելու փաստով: Սարգսյանին մեղսագրվում է առանձնապես խոշոր չափի գումարների յուրացում և լվացում ։ Երրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Մինչդեռ, ինչպես գրում են հայկական ԶԼՄ-ները, հողերը, որոնց յուրացման համար մեղադրվում է Սերժ Սարգսյանը, օտարվել են դեռևս 2005 թվականին և ձեռք բերվել Չինաստանի կողմից։ Այդ հողամասերում այսօր տեղակայված է Երևանում Չինաստանի նոր դեսպանատունը։ Հատկանշական է, որ տեղամասը գտնվում է զինվորական պանթեոնից բավական հեռավորության վրա: