


Արմինֆո. Քանի դեռ իրավական գնահատական չի տրվել անցյալի բացասական երևույթներին, անհնար կլինի առաջ շարժվել, լուծել արցախյան հարցը: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է <Սասնա ծռեր> կուսակցության ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը:
Նրա խոսքով, պետք է ստեղծվի անցումային արդարադատություն, որը պետք է մշակի պատժի և ներման հստակ չափանիշներ՝ ելնելով կատարած հանցագործությունների ծանրությունից: <Նրանք, ովքեր համեմատաբար փոքր հանցանքներ են գործել, կարող են ներվել՝ տարբեր տուգանքների, հասցրած վնասի փոխհատուցման պայմանով, բայց խոշոր հանցանքներ գործածները ներման ենթակա չեն>,- հայտարարել է Ավետիսյանը:
Նա նաև հայտարարել է, որ ներկայիս իշխանությունների օրոք գործնականում ոչինչ չի փոխվել՝ մնացել են կայանելու, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքները, գործում է կուտակային կենսաթոշակային համակարգը:
Ավետիսյանն անդրադարձել է նաև տնտեսությունում խնդիրներին՝ դեգեներատիվ անվանելով երկրի տնտեսական համակարգը, որը միայն սպառում է՝ գրեթե ոչինչ չարտադրելով: <Այսօր մեր ներքին արտադրությունը հիմնված է բացառապես հանքարդյունաբերության վրա: Իհարկե, կան տեղաշարժեր զբոսաշրջությունում և էներգետիկայում, բայց դա քիչ է: Ինչ վերաբերում է բանկային համակարգին, այն վաշխառություն է հիշեցնում>,- հայտարարել է Ավետիսյանը:
Ըստ որում, նա հավաստիացրել է, որ <Սասնա ծռերը> մշակել է նոր տնտեսական ծրագիր՝ հիմնված հիբրիդային կառավարման համակարգի վրա, հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները:



