
ԱրմԻնֆո. Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում «պարզաբանել են», թե ինչու է Արցախից փախստականների ծննդավայրի փոխարեն նշվում Ադրբեջանը՝ վստահեցնելով, որ կենսաչափական փաստաթղթում ծննդավայրը նշելու դաշտը կարգավորվում է ISO ստանդարտով 3166։
«Ղարաբաղից տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդավայրը նշելու դաշտում նշված է Ադրբեջանը։ Ինչպես բազմիցս պարզաբանել ենք, անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ հստակեցնել, որ անձը հաստատող փաստաթղթերում տվյալների ներառումն իրականացվում է միջազգային ստանդարտին համապատասխան։ Մեքենայաընթեռնելի նույնականացման քարտերում/ճամփորդական փաստաթղթերում տվյալների նշման դաշտը կարգավորվում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) 9303 ստանդարտով, որը սահմանում է, որ ծննդավայրը նշելու դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով։ Վերջինս, պետությունների կարծիքով, սահմանում է այն աշխարհագրական միավորները, որոնց վերաբերյալ նշումն ընդունելի է անձնագրում», - հայտնել են ծառայությունում։
Ավելացվում է, որ այս ոլորտում լիազոր մարմնի՝ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված ցանկացած նշում, որը հաստատված չէ միջազգային կարգավորման շրջանակում, խնդրահարույց է սահմանահատման կետերում։
«Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տարբեր երկրների սահմանապահ ծառայություններից բազմաթիվ ծանուցումներ է ստացել հին կապույտ անձնագրերում կատարված նշումների վերաբերյալ։ Ծառայության ամենօրյա աշխատանքի ընթացքում հին կապույտ անձնագրերում կատարված նշումների հետ կապված հարցերը հնարավորինս լուծվում էին համագործակցության շնորհիվ։ Նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ մշակվել է միասնական մոտեցում, որն ապահովում է ISO 3166 ստանդարտին համապատասխանությունը և վերացնում սահմանահատման կետերում առաջացող խնդիրները», - վստահեցրել են գերատեսչությունում։
Նշենք, որ, օրինակ, Ռուսաստանի Դաշնության կողմից տրվող կենսաչափական անձնագրերում ծննդավայրը նշվում է բառացիորեն՝ ծննդյան վկայականում առկա տվյալներին համապատասխան։ Եթե քաղաքացին, պայմանականորեն, ծնվել է Խորհրդային Հայաստանում, այնտեղ նշվում է Հայկական ԽՍՀ-ն, ոչ թե Հայաստանը։ Եվ այսպես շարունակ՝ նույն տրամաբանությամբ։ Ավելին, նախկինում Արցախի քաղաքացիները 30 տարի առանց խնդիրների ճամփորդել են՝ իրենց մոտ ունենալով ծննդավայրի վերաբերյալ հետևյալ նշումով անձնագիր՝ Լեռնային Ղարաբաղ։