
ԱրմԻնֆո. Ավարտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձ կատարելու և քաղաքացիական գործով դատարանին կեղծ ցուցմունքներ ներկայացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ակնհայտ փաստական տվյալներ այն մասին, որ 1999 թվականի մարտի 10-ին «Արմենիքում+» ԲԲԸ-ի և «Միկա Լիմիթեդ» ՍՊԸ-ի միջև ստորագրվել է վարկային համաձայնագիր, որով վերջինս «Արմենիքում+» ԲԲԸ-ին տրամադրել է 4 միլիոն ԱՄՆ դոլար՝ որպես բիզնես ներդրում, որից հետո «Արմենիքում+» ԲԲԸ-ի տնօրեն Լ.Գ.-ն և «Արմենիքում» ՓԲԸ-ի տնօրեն Ա.Մ.-ն, ձգտելով ապահովել առևտրային ռիսկով մասնավոր անձի կողմից ներդրված վերոնշյալ գումարի հետագա մարումը, 1999 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրել են կեղծ վարկային պայմանագիր՝ իբր «Արմենիքում+» ԲԲԸ-ին «Արմենիքում» ՓԲԸ-ի կողմից շուրջ 1,6 մլրդ դրամ 6 տարի ժամկետով տրամադրելու մասին, այնուհետև կազմել են պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ կեղծ համաձայնագրեր։
Բացի այդ, 1999 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրված վերոնշյալ կեղծ վարկային համաձայնագրի հիման վրա «Արմենիքում» ՓԲԸ-ի տնօրեն Ա.Մ.-ն, ընկերության գլխավոր հաշվապահ Մ.Գ.-ի, «Արմենիքում+» ԲԲԸ-ի տնօրեն Լ.Գ.-ի և նույն ընկերության գլխավոր հաշվապահ Ա.Բ.-ի հետ համատեղ, 2011-2018 թվականներին ենթադրաբար կազմել և ստորագրել են «Արմենիքում+» ԲԲԸ-ի՝ «Արմենիքում» ՓԲԸ-ի նկատմամբ շուրջ 1,6 մլրդ դրամի չափով պարտավորությունների գծով փոխադարձ հաշվարկների ստուգման կեղծ ակտեր՝ այդպիսով ձևավորելով «Արմենիքում» ՓԲԸ-ի առանձնապես խոշոր գույքային պարտավորություն։
Այնուհետև, «Արմենիքում+» ԲԲԸ-ի տնօրեն Լ.Գ.-ի մահից հետո Ա.Մ.-ն, քաղաքացիական հայցի միջոցով շուրջ 1,6 միլիարդ դրամի առանձնապես խոշոր գումար յուրացնելու նպատակով և իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար, 2021 թվականի մայիսի 24-ին, առանց ընկերության բաժնետերերի ժողով հրավիրելու, կազմել է ընկերության բաժնետերերի ժողովի բովանդակությամբ կեղծ արձանագրություն, այն ներկայացրել իրավասու պետական մարմին՝ այդպիսով ապօրինի զբաղեցնելով «Արմենիքում+» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը՝ միաժամանակ զբաղեցնելով «Արմենիքում» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը։
Հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու և վաղեմության ժամկետի պահպանման փաստը հաստատելու համար Ա.Մ.-ն, օգտագործելով 2015 թվականի նոյեմբերի 30-ի վերոնշյալ կեղծ պայմանագիրը, որը, իբր, կազմվել էր 2015 թվականի նոյեմբերի 30-ի իրադարձությունների ժամանակագրության հիման վրա՝ 1999 թվականի դեկտեմբերի 1-ին «Արմենիքում+» ԲԲԸ-ի և «Արմենիքում» ՓԲԸ-ի միջև կնքված վարկային համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, և փոխադարձ հաշվարկների ստուգման կեղծ ակտերը, 2025 թվականի նոյեմբերի 27-ին Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ներկայացրել հայց՝ պետության 100 տոկոս մասնակցությամբ «Արմենիքում» ՓԲԸ-ից շուրջ 1,6 մլրդ դրամ վճարելու պահանջով, որի վերաբերյալ քննությունը շարունակվում է։
«Արմենիքում+» ԲԲԸ-ի տնօրեն Ա.Մ.-ի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։ Նախաքննության ընթացքում «Արմենիքում» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահ Մ.Գ.-ի և «Արմենիքում+» ԲԲԸ-ի գլխավոր հաշվապահ Ա.Բ.-ի, ինչպես նաև «Արմենիքում+» ԲԲԸ-ի նախկին տնօրեն Լ.Գ.-ի նկատմամբ քրեական գործեր չեն հարուցվել՝ վաղեմության ժամկետն անցնելու և վերջինիս մահվան պատճառով։
Քրեական գործի նյութերը մեղադրական եզրակացության հետ միասին ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։