



ԱրմԻնֆո. Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն իր ուղեկցությամբ այցելել է դատաբժշկական վարչություն և ծանոթացել դրա գործունեությանը։
ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայության տվյալներով՝ հայկական պատվիրակության անդամները զննել են ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաները, ծանոթացել տրանսպորտային և տեխնիկական միջոցներին, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական շարժական դատաբժշկական լաբորատորիաներին։
Սարգսյանը նաև դիտել է Բաթումիում անցկացվող ցուցադրական փրկարարական վարժանքները։ Վարժանքներին մասնակցել են Սահմանային ոստիկանության ափամերձ պահպանության, Հատուկ ավիացիայի վարչության և Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները։
Վարժանքները ցուցադրել են ծովային միջադեպերին արագ արձագանքման, միջգերատեսչական համակարգման և փրկարարական գործողությունների պատշաճ կազմակերպման հնարավորությունները։ Ցուցադրության ժամանակ օգտագործվել են փրկարար բաճկոններ, անօդաչու թռչող սարք և Սահմանային ոստիկանության ուղղաթիռ։


