


Արմինֆո. Հայաստանն ու Լեհաստանը կստորագրեն "Գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին" համաձայնագիր։ ՀՀ կառավարությունն օգոստոսի 13-ի նիստում նպատակահարմար է գտել այդ փաստաթղթի ստորագրումը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագրի նպատակը Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև քաղաքական, ռազմական, տնտեսական, գիտատեխնիկական և այլ համագործակցության շրջանակներում փոխանցվող, ստացվող, ինչպես նաև նման համագործակցության ընթացքում ստեղծվող գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանությունն է: Փաստաթղթի կնքումը նպատակահարմար է ճանաչվել ՝ ելնելով գաղտնի տեղեկատվության փոխանցման և պաշտպանության գործում Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության փոխադարձ հետաքրքրությունից, ինչպես նաև գաղտնի տեղեկատվության փոխանցման, փոխադարձ պաշտպանության և պահպանության կարգ սահմանելու անհրաժեշտությունից:
Մասնավորապես, համաձայնագիրը կոչված է կարգավորելու գաղտնի տեղեկատվության պաշտպանության սկզբունքները, գաղտնի տեղեկատվության փոխանցման, դրա օգտագործման, իրավասու մարմինների փոխգործակցության, գաղտնի տեղեկատվության պաշտպանության պահանջների հնարավոր խախտումների դեպքում ձեռնարկվող գործողությունների հետ կապված հարաբերությունները:



