


Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" խմբակցությունում համոզված են, որ հենց իրենց առաջարկած գաղափարները երկիրը կտանեն զարգացման և 600 000 մարդու կազատեն աղքատությունից: Այդ մասին օգոստոսի 6-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նա նշել է, որ դեմ է Ազգային ժողովի վերածմանը փոխադարձ վիրավորանքներ հնչեցնելու հարթակի։ "Որովհետև մենք համոզված ենք, որ երկրում փոփոխությունների կհանգեցնի միայն մտքի պայքարը։ Մենք պետք է Հայաստանի քաղաքացիներին ցույց տանք մեր գաղափարները, իսկ նրանք՝ ընտրեն։ Եվ մենք համոզված ենք, որ հենց մեր խմբակցության առաջարկած գաղափարներն են երկիրը տանելու զարգացման եւ 600 000 մարդու ազատելու են աղքատությունից", - ընդգծել է Կարապետյանը։
Քաղաքական գործիչը մեկնաբանել է նաև փոխխոսնակի պաշտոնում Արամ Վարդևանյանի թեկնածությունն առաջարկելու իրենց որոշումը, հատկապես, քաղաքական ուժի պնդումների ֆոնին, թե այս խորհրդարանին երկար ժամանակ չի մնացել աշխատելու: Նրա խոսքով ՝ մեկը մյուսը չի ժխտում։ "Չէ որ հենց մեր և մեր խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի աշխատանքի արդյունքում ենք հասնելու այդ փոփոխություններին։ Անհրաժեշտ է, որպեսզի աշխատանքն իրականացվի բոլոր հնարավոր դիրքերից", - պարզաբանել է խմբակցության ղեկավարը։
Նա նշել է, որ Վարդևանյանի թեկնածությանը կողմ չքվեարկելու դեպքում իրենց խմբակցությունը նոր որոշում կկայացնի և հանդես կգա հայտարարությամբ: Ընդ որում, նա համոզված է, որ իշխանական պատգամավորները գնալով պակասում են։ "Մենք տեսնում ենք, թե ինչպես են ամեն ընտրություններից հետո նրանք պակասում՝ դատարկ տեղեր ենք տեսնում։ Դա խոսում է այն մասին, որ ապագայում, երբ նրանք ավելի քիչ լինեն, հնարավորություն կստեղծվի իրականացնել այն փոփոխությունները, որոնց մասին մենք խոսում ենք Հայաստանի խորհրդարանում", - ամփոփել է Կարապետյանը։



