


Արմինֆո. Ինձ համար կարևոր է, որ ընդդիմադիր ուժերի օգտին քվեարկած մոտ 700 հազար ՀՀ քաղաքացիներ հրաժարվել են Ալիևի սահմանադրությունից, տարածքների հանձնումից և Եկեղեցու դեմ արշավից։ Այդ մասին հունիսի 19-ին ճեպազրույցում հայտարարել է "Հայաստան" դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Ընդ որում, նա մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ընդդիմության օգտին քվեարկած քաղաքացիների մոտ 70 տոկոսը մոտիվացված է եղել ընտրակաշառքով: Այդ առնչությամբ Վարդանյանը կոչ է արել ընդդիմադիր ուժերին սատարած ընտրողներին զրպարտության համար դատի տալ կառավարության ղեկավարին և ֆինանսական փոխհատուցում պահանջել:
"Եթե կար մեկը, ով օգտագործել է վարչական ռեսուրսը և ընտրակաշառք բաժանել, այդ թվում՝ պետական, դա եղել է Նիկոլ Փաշինյանը", - ասել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք "Հայաստան" դաշինքում դժգոհ չեն, որ 2021 թվականի համեմատ խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժն ավելի քիչ ձայն է ստացել, պատգամավորը նշել է, որ շատ ավելի կարեւոր է այն փաստը, որ ընդդիմադիր ճակատն, ընդհանուր առմամբ, ավելի մեծ աջակցություն է ստացել, քան առանձին քաղաքական ուժը:
«Այո, 2021 թվականին մենք ավելի շատ ձայներ ստացանք, քանի որ, կոպիտ ասած, միակ այլընտրանքն էինք։ Եթե դուք կարծում եք, որ մենք տխրել ենք, որ հիմա միակ այլընտրանքը չենք, և որ ընդդիմադիր դաշտում ընտրություն ունենալը թույլ է տվել 200 հազարով ավելացնել ընդդիմության ձայները, թեկուզ, մեր սեփականը պակասեցնելու հաշվին, ապա ես միայն ուրախ եմ։ Թող մեր ձայներն ավելի քիչ լինեն, բայց համակիրների ընդհանուր թիվն ու ընդդիմության աջակցությունն ավելի մեծ լինի", - ասել է խորհրդարանականը ։



