


Հայ ազգային կոնգրեսը դեռևս Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը մասնակցելու հրավեր չի ստացել: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: ՙԵրբ հրավեր ստանանք, այդ ժամանակ էլ կորոշենք՝ մասնակցել, թե՞ ոչ՚,- նշել է նա:
Նրա խոսքով, ՙկեղծված սահմանադրական հանրաքվեից հետո՚ միջազգային հանրությունն ավելի ուշադիր կհետևի ինչպես ընտրական օրենսդրության բարեփոխմանը, այնպես էլ՝ 2017 թ. խորհրդարանական ընտրություններին:
Ըստ որում, նա հավաստիացրել է, որ իշխանություններն անկեղծ չեն ազնիվ և արդար ընտրություններ անցկացնելու իրենց ձգտման վերաբերյալ հայտարարություններում: ՙԵթե իշխանությունները ցանկանային բացառել կեղծիքները, չէին խոչընդոտի քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակմանը կամ կթույլատրեին ընտրատեղամասերից ուղիղ եթերը՚,- գտնում է նա:
Նա գտնում է նաև, որ հանրաքվեից հետո ՀՀԿ և նախագահ Սերժ Սարգսյանի դիրքերը խարխլվել են, ինչի հետևանքով նրանք ագրեսիա են գործադրում ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ: ՙԴրա վկայություն են ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի կալանավորումը և օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հրաժարականը՚,- գտնում է քաղաքական գործիչը: Նա ավելացրել է, որ օմբուդսմենի հրաժարականը համարում է կառավարող կուսակցության կողմից ճնշման հետևանք:
Նշենք, որ փետրվարին խորհրդարանը Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և լրացումների շուրջ քննարկումներ կսկսի:



