
Վերջին ժամանակների աշխարհաքաղաքական կարևոր իրադարձությունը, ինչը երկրորդ պլան մղեց մնացած բոլոր գործընթացները,նավթի գների անկումն է, մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՙԿովկաս՚ ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով, այդ գործընթացը երկրորդ պլան է մղել նույնիսկ սիրական ճգնաժամը: ՙՄի կողմից Իրանը՝ բաց աշխարհի համար և Սաուդյան Արաբիայի հետ վատթարացած հարաբերություններով, մյուս կողմից Ռուսաստանը, որը ռազմական գործողություններ է վարում ռեսուրսների բացակայության պայմաններում, երրորդ կողմից՝ Ադրբեջանում տնտեսական կոլապսը և բարդ իրավիճակը Թուրքիայի ներսում, չորրորդ կողմից՝ Սիրիայում լճացումը: Եվ աշխարհաքաղաքական այս կոլապսում նավթի գների անումն էլ ավելի է վատթարացնում այդ երկրների դրությունը՚,- նշել է նա՝ ավելացնելով, որ միտումը կշարունակվի, և հարցի գլոբալ լուծում մոտ ժամանակներս չի լինի:
Քաղաքագետի կարծիքով, բոլոր այս գործոնները, այսպես թե այնպես, անուղղակիորեն կանդրադառնան նաև Հայաստանի վրա: ՙԱռաջին հերթին պետք է նշել, որ Ռուսաստանում տնտեսական ծանր վիճակի և ռուբլու փոխարժեքի անկման պայմաններում արդեն հիմա շատ անգամ կրճատվել է տրանսֆերտների քանակը, ինչը բացասաբար է ազդում Հայաստանի տնտեսության վրա՚,- նշել է նա՝ ավելացնելով, որ ռուսական կողմն արդեն քննարկում է հաջորդ տարվա համար ՙշոկային՚ միջոցները, ինչը կհանգեցնի մի շարք ծախսային ծրագրերի և նախագծերի կրճատման:
Անդրադառնալով Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակին, ինչը վատթարացել է նավթի գների անկման պատճառով՝ փորձագետը նշել է, որ բողոքի ինքնաբուխ ակցիաները ռեժիմի փոփոխության չեն հանգեցնի, քանի որ այն լիովին վերահսկում է իրավիճակը երկրում: Ըստ որում, նա կանխատեսել է, որ Ադրբեջանի ներքաղաքական խնդիրները կհանգեցնեն շփման գծում լարվածության ուժեղացման, և այդ իրավիճակը շարունակական բնույթ կկրի:
Իսկանդարյանի խոսքով, նավթի գների անկման զուգահեռ տեղի է ունենում նաև մետաղների գների անկում, ինչը ևս բացասաբար է ազդում համաշխարհային տնտեսության, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության վրա: Ըստ որում, նա ընդգծել է, որ դրամն առայժմ միակ արժույթն է, որն ամենից քիչ է անկում ապրել դոլարի նկատմամբ հետխորհրդային տարածքում: