


Արմինֆո. "ՀայաՔվե" ազգային քաղաքացիական միավորումը հայտարարություն է տարածել, որում Հայաստանի իշխանություններին մեղադրել է ընտրազանգվածի մի մասին կաշառելու համար:
«Իշխող վարչախմբի ղեկավարն այսօր հայտարարեց, որ ապրիլի 1-ից վերջապես կենսաթոշակների բարձրացում է սպասվում: «ՀայաՔվե» միավորումն արձանագրում է, որ իր վեցամսյա հետևողական պայքարը կենսաթոշակների բարձրացման հարցում տվեց առաջին արդյունքը, թեև` խիստ մասնակի: Մինչև 10 հազար դրամով կենսաթոշակների բարձրացումը բնավ այն նշաձողը չէ, որը մենք սահմանել ենք: Եվ ակնհայտ է, որ անհարկի պետական ծախսերի կրճատման հաշվին` հնարավոր է շատ ավելի բարձրացնել կենսաթոշակների չափը, և էապես բարելավել մեր տարեց հայրենակիցների կյանքը:
Մյուս կողմից, ակնհայտ է, որ վարչախմբի այս ճարահատ քայլը սոցիալապես խոցելի ամենամեծ խավին` կենսաթոշակառուներին տրվող նախընտրական «կաշառք» է` ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ, և բացառապես մեկ նպատակ է հետապնդում` օժանդակել վարչախմբի վերարտադրությանը:
«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է կենսաթոշակների առնվազն 50 տոկոսով բարձրացման իր հանձնառության հարցում, և վարչախմբի այս կիսաքայլը բնավ չի դիտարկում որպես համակարգային լուծում: Ինչպես նախկինում` հետամուտ ենք լինելու մեր կես միլիոն կենսաթոշակառու հայրենակիցների կենսամակարդակի բարելավմանը, ինչպես նաև այս հակազգային և ստահոդ վարչախմբի իշխանությունից հեռացմանը», - ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ի առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տեսաուղերձում հաղորդել էր ապրիլի 1-ից կենսաթոշակների բարձրացման մասին: Նրա խոսքով ՝ համեմատաբար ցածր կենսաթոշակները կբարձրանան 10 հազար դրամով, իսկ ավելի բարձր կենսաթոշակները՝ ավելի քիչ։ Նա նշել է, որ, հաշվի առնելով հետվճարը, աճն ավելի բարձր կլինի։ Դրան, վարչապետի խոսքով, հաջողվել է հասնել 2025 թվականին տնտեսական բարձր աճի շնորհիվ, որն ավելի մեծ էր, քան կանխատեսվում էր։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



