
Արմինֆո. Ադրբեջանում պահվող բոլոր հայ պատանդները պետք է անմիջապես ազատ արձակվեն։ Այդ մասին հայտարարել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
Նա փաստել է, որ փետրվարի 4-ին Աբու Դաբիում մի բացառիկ միջոցառում տեղի ունեցավ․ Փաշինյանն ու Ալիևը՝ խաղաղության հաստատման և տարածաշրջանային խաղաղ օրակարգի առաջմղման համար, ստացան «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը։
«Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ միջազգային ղեկավարներ և պատվավոր հյուրեր։ Լուսավոր դահլիճ, ժպիտներ, շքեղ ելույթներ՝ ամեն ինչ տոնական ու գեղեցիկ էր։
Այսօր Բաքվում դատում են Արցախի նախկին նախագահներին ու ռազմաքաղաքական ղեկավարներին: Իրականությունը կտրուկ հակառակ է տոնական տեսարանի հետ. ոչ մի արդարություն չկա, միայն դատարկ ձևականություն, և այս ամենի ծանրությունը անտանելի է:
Աշխարհը տեսնում է ձևական խաղաղության լույսը, բայց իրականությունը պարզ է և հստակ՝ մեզ ճնշում են, մեր պատմությունը լռեցնում են, իսկ ճշմարտությունը փորձում են փոխարինել ստով ու ձևականությամբ:
Մարդիկ, որոնց պաշտոններն ու անունները կապված են Արցախի ու արցախցիների, մեր ժողովրդի պատմության հետ, գտնվում են դատարաններում՝ ենթարկվելով քաղաքական պարսավանքի և մեղադրանքների։ Բոլոր պատանդները պետք է անմիջապես ազատ արձակվեն», - գրել է Իսկանդարյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին ՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։ Առայժմ չի հրապարակվել միայն բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատավճիռը, որի գործն առանձնացվել է առանձին վարույթում: