


Արմինֆո.Մեդիա դաշտում և սոցիալական ցանցերում տարածվող այն պնդումները, թե, իբր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել ապրիլի 7-ին Երևանում ԼԳԲՏ համայնքի շքերթի անցկացմանը, չեն համապատասխանում իրականությանը։ Նման պնդմամբ հանդես է եկել Հայաստանի կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Շրջանառվող նյութը կրում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտության (FIMI) բնորոշ հատկանիշներ և հանդիսանում է հիբրիդային ազդեցության արշավների բաղադրիչ։ Հրապարակման հեղինակ Օկայ Դեփրեմը նախկինում ևս բազմիցս տարածել է Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների վերաբերյալ ոչ հավաստի և մանիպուլյատիվ տեղեկատվություն, ինչը արձանագրվել է ինչպես հայկական, այնպես էլ միջազգային փորձագիտական շրջանակների կողմից։
Նման հրապարակումների նպատակը հանրային բևեռացումն է և պետական ինստիտուտների նկատմամբ վստահության թուլացումն է՝ ընտրական գործընթացներին ընդառաջ», - գրել է մամուլի քարտուղարը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Գրառման տակ Նազելի Բաղդասարյանը կիսվել է CGTN Turk-ի (չինական միջազգային հեռուստատեսային ցանցի թուրքալեզու հարթակ) և ադրբեջանական Haqqin.az կայքի սքրինշոթով. CGTN-ի հրապարակման մեջ դրա հեղինակ Օքայ Դեփրեմը նշում է, որ " հարեւան երկրներից մեկը, որտեղ ԼԳԲՏ անձինք վերջին տարիներին արագ սկսել են կազմակերպվել, սկզբում փորձելով օրինականանալ, իսկ հետո պատրաստվելով փողոց դուրս գալ, Հայաստանն է: Վերջերս լուրեր են տարածվել այն մասին, որ ԼԳԲՏ շարժումը նախատեսում է նոր երթ, նոր հանրահավաք երկրում՝ տարիներ անց: Նույնիսկ, պնդում են, որ Արևմուտքում սկիզբ առած շարժումը, որը վաղուց էր դա ծրագրել, իր առաջին "Սիրո շքերթը" կանցկացնի մայրաքաղաք Երևանում ՝ Թամանյան պողոտայի երկայնքով, որը քաղաքի գլխավոր փողոցներից մեկն է ։ Բացի այդ, ըստ որոշ լուրերի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես, ինչպես ասում են, բաց է շարժման օրինականացման և հանրային դաշտ դուրս գալու համար, որպեսզի ստանա ևս մեկ «պլյուս» արևմտյան աշխարհից, որը նա շատ է սիրում. < > Այդ իրադարձությունը նախատեսված է ապրիլի 7 - ին, այն օրը, երբ հայերն ավանդաբար նշում են Մայրության և գեղեցկության օրը»:



