


Արմինֆո. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է միանալ Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին»։ Վարչապետն ընդունել է հրավերը։ Այդ մասին հաղորդել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։
Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը», - գրել է Բաղդասարյանը սոցցանցում։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Գազայի հարցով "Խաղաղության խորհուրդ" ստեղծելու մասին, որի կազմը կհրապարակի մոտ ժամանակներս: Հրավերներ են ստացել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Ընդ որում, ինչպես հաղորդում Է Bloomberg գործակալությունը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խնդրում է այն երկրներին, որոնք ցանկանում են մշտական տեղ ստանալ "Խաղաղության խորհրդում", ներդնել առնվազն 1 մլրդ դոլար: Գործակալությունը գրում է, որ կազմակերպության կանոնադրության նախագծի համաձայն, Թրամփը կդառնա առաջին նախագահը և միանձնյա կորոշի, թե ում հրավիրել անդամության: Որոշումները կկայացվեն ձայների մեծամասնությամբ ՝ յուրաքանչյուր մասնակից պետության համար մեկական, սակայն բոլորը ենթակա են նախագահի հաստատմանը ։ Փաստաթղթում ասվում է, որ յուրաքանչյուր անդամ պետություն իր տեղը կզբաղեցնի կանոնադրության ուժի մեջ մտնելու պահից ոչ ավելի, քան երեք տարի ՝ նախագահի որոշմամբ երկարաձգման հնարավորությամբ: Այս ժամկետը չի տարածվում այն երկրների վրա, որոնք կանոնադրության առաջին տարում ավելի քան 1 միլիարդ դոլար կանխիկ գումար կներդնեն:



