


Արմինֆո. Կտրիչ Ներսիսյանի (Ամենայն hայոց կաթողիկոս Գարեգին Բ - խմբ.) եւ նրա նեղ շրջապատի ներկայությունը Մայր Աթոռում ամենից շատ վնասում է Հայ Առաքելական Եկեղեցուն եւ վիրավորում է հավատացյալների զգացմունքները: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 4-ին կայացած ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք մինչև կաթողիկոսի հրաժարականի պահանջի բարձրաձայնումը փորձեր եղել են նրա հետ քննարկումներ անցկացնելու, փոխզիջման գալու՝ եկեղեցու շուրջ նման աղմուկից, նրա հեղինակությանը վնաս հասցնելուց և այլ բացասական հետևանքներից խուսափելու համար:
Վարչապետն ընդգծել է, որ կուլուարային գործելաոճն իրեն հոգեհարազատ չէ, քանի որ ինքը հրապարակային անձնավորություն է։ "Դրա համար ես լիովին թափանցիկ հայտարարում եմ այն, ինչ արդեն ասել եմ", - նշել է Փաշինյանը։
Ընդ որում, կառավարության ղեկավարը չի համաձայնել այն արտահայտության հետ, թե իշխանությունները պահանջում են կաթողիկոսի հրաժարականը։ "Մենք ասում ենք, որ գործընթաց է սկսվել, և նա պարտավոր է հեռանալ։ Այստեղ ընտրության հարց չկա ՝ հրաժարական տալ, թե ոչ, նա, պարզապես, պետք է հեռանա", - ընդգծել է վարչապետը։
Անդրադառնալով լրագրողի ճշգրտմանը, թե՝ կաթողիկոսի հետ անձնական հանդիպումը կարող էր կանխել եկեղեցու շուրջ առկա աղմուկը, վարչապետը պատասխանել է, որ տեղի ունեցածը համարում է "առողջարար գործընթաց": «Ժողովրդավարական երկրները չպետք է վախենան աղմուկից և հանրային քննարկումներից: Ես բազմաթիվ առիթներ եմ ունեցել խոսելու կտրիչ Ներսիսյանի հետ, և այդ խոսակցություններից հետո տպավորությունը միայն խորացնում էր այն համոզմունքը, որ նրա ներկայությունը Մայր Աթոռում աղետալի վնաս է հասցնում ՀԱԵ - ին", - ասել է նա:
Փաշինյանը նաև նշել է, որ կաթողիկոսի հետ երկարատև զրույցների ընթացքում հոգևոր հարցեր երբեք չեն քննարկվել: "Ես կարծում էի, որ իրավունք չունեմ նրա ներկայությամբ անդրադառնալ այդ թեմաներին, եւ նա ինքը չի բարձրացրել դրանք, քանի որ այդ հարցերը նրա շահերի դաշտում չեն", - եզրափակել է վարչապետը:



