
Արմինֆո. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը դավաճանություն եւ հոգևոր կապիտուլյացիա է որակել Գարեգին Բ-ի դեմ հանդես եկած արքեպիսկոպոսների եւ եպիսկոպոսների գործողությունները։
«Այն արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները, որոնք այս օրերին ճկվեցին ապազգային իշխանությունների ճնշումների և սեփական մաշկը կոմպրոմատներից փրկելու վախի ներքո, կատարեցին հոգևոր կապիտուլյացիա։ Եվ մենք անվանում ենք դա մեկ անունով՝ դավաճանություն։
Այո՛, սա դավաճանություն է: Դավաճանություն՝ ոչ միայն եկեղեցուն, այլև հավատացյալ ժողովրդին, ով տարիներով մտնում էր այդ հոգևորականների ծառայության հովանիի տակ ու կարծում, որ նրանց ձեռքում պահված է ոչ միայն խունկը, այլ նաև խիղճը։
Այս մարդիկ վախից վայր դրեցին իրենց ձեռնադրությունը, և այսօր նրանք ծառայում են ոչ թե Աստծուն, այլ դավաճանական իշխանական օրակարգին, որը երկար տարիներ զբաղված է ամեն ազգայինի դեմ պայքարով։ Եվ այդ ծրագիրը հիմա փորձում է արմատավորվել եկեղեցու ներսում։
Թող ոչ մեկը չփորձի մեզ վստահեցնել, թե սա «բարեփոխում» է։ Երբ իշխանությունը, որ տարիներ շարունակ հարվածել է ամեն ազգային արժեքին, հանկարծ ձևացնում է, թե հոգ է տանում եկեղեցու մասին, դա պարզապես ծիծաղելի է և պարզ, որ իրական նպատակը եկեղեցին կոտրելն ու այն իրենց վերահսկվող, գրպանային մարմնի վերածելն է, ինչպես արեցին պետականության բոլոր կառույցների հետ՝ ռազմական, իրավական, դատական, մշակութային, կրթական:
Եկեղեցու դեմ ուղղված հարվածը ազգային արժեքների համակարգված քանդման վերջին ու ամենավտանգավոր քարընթացն է․ դա ոչ միայն հոգևոր կառույցի, այլ ամբողջ ազգի ինքնության հիմքերի խախտումն է, քանզի Եկեղեցին դարերով եղել է մեր ազգային ոգու և պայքարի ողնաշարը։
Հայաստանի իշխանություններից այլևս որևէ ազգային կամ դրական քայլի սպասել պետք չէ․ դա արդեն բացարձակապես անիմաստ է։ Մեր մտահոգությունը հիմա այն եկեղեցականներն են, ովքեր իրենց վարքով կորցրին ամենաթանկը՝ ժողովրդի վստահությունն ու հավատը՝ ծախելով հոգին ազգային դավաճաններին։ Հայ ժողովուրդը կարող է ներել թույլին, բայց երբեք չի ների սրբության դեմ ուղղված դավաճանությունը։
Մենք՝ որպես Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ, հայտարարում ենք, որ այս սրբազանները փաստացի հրաժարվել են իրենց հոգևոր արժեքներից։ Նրանք թողել են եկեղեցու նավը հենց այն պահին, երբ այն փոթորիկի ժամանակ ամենաշատն էր կարիք զգում նրանց պաշտպանության։ Եվ այդ քայլից հետո նրանք այլևս չեն կարող ներկայացնել ո՛չ եկեղեցին, ո՛չ հավատացյալ ժողովրդին, և առավել ևս՝ Աստծուն։
Եթե վաղը պատմությունը գրի այս օրերի մասին, նշելու է մի բան՝ որ եկեղեցու ներսում հայտնվեցին մարդիկ, ովքեր սրբապղծորեն դարձան դավաճանական իշխանության գործիքը և ուրացան Աստծո տունը։
Եվ նրանց անունները հիշվելու են որպես հերթական դավաճաններ, մեր օրերի վասակսյունիներ և մելիքֆրանգյուլներ, ովքեր որսում են ամենաթույլ կարասին, որ սողոսկեն նրա մեջ ու ներսից պայթեցնեն պատերը։
Հորդորում ենք հավատացյալներին՝ խուսափել շփումներից այս սրբազանների հետ և չմասնակցել նրանց առաջնորդած արարողություններին, քանի որ նրանք փաստացի դիրքավորվել են որպես եկեղեցու ներսից վնասող դավաճանական ուժ։
Հայոց Եկեղեցին իր 1724 տարվա գոյությամբ դիմագրավել է թշնամական պետությունների ու իշխանությունների մի մեծ շքախմբի․ նրանք բարձրացել են, հոխորտացել, մարել ու անհետացել պատմության փոշում, իսկ Եկեղեցին մնացել է՝ ինչպես լեռ, որին հարվածող քամիները միայն հիշեցնում են նրա բարձրության մասին և հատկապես ընդգծում նրա անսասանությունը:
Եկեղեցու պաշտպանությունն այսօր պահանջում է վճռական դիրքորոշում՝ հրապարակային, անկեղծ ու ուղիղ արձագանքով, թույլ չտալով, որ որևէ անձ կամ խումբ փորձի ներսից թուլացնել Մայր Աթոռի միասնականությունն ու հոգևոր կառույցի ամրությունը։
Կոչ ենք անում ամբողջ հավատացյալ ժողովրդին՝ չտրվել որևէ սադրանքի, չխաբվել կեղծիքների ու ճնշումների աղմուկին և ամեն դժվարության միջով անցնել վստահ ու անսասան՝ հավատարիմ մնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին», - ասվում է Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ի առավոտյան իշխանամետ հարթակները ՀԱԵ 13 եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարություն էին տարածել, որում դատապարտվում էր Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի անգործությունը Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող աղմկահարույց տեսանյութի կապակցությամբ: ՀԱԵ եպիսկոպոսների հայտարարության տեքստում նշվում էր, որ նոյեմբերի 5-ին Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ստեղծվել էր հանձնաժողով, որը պետք է գնահատական տար Խաչատրյանին վերագրվող տեսանյութին: Ընդ որում, նշվում էր, որ հանձնաժողովը դիմել էր Հայաստանի քննչական կոմիտե ՝ տվյալ ձայնագրության իսկությունը պարզելու համար ։ Սակայն եպիսկոպոսների այդ հայտարարության բովանդակության համաձայն, կաթողիկոսը տեսագրության իսկությունը հաստատած փորձաքննության արդյունքները համարել է առ ոչինչ։ Այդ առնչությամբ հոգևորականները հայտարարել են, որ Եկեղեցու հեղինակությանը վնաս հասցնող այս հարցի վերաբերյալ Գարեգին Բ-ի պահվածքը խիստ մտահոգիչ է, և կոչ են արել "Եպիսկոպոսաց եղբայրներին միանալ սրբապիղծ քահանայից ազատմանը": Հատկանշական է, որ սկանդալի ֆոնին 13 եպիսկոպոսներից երկուսը, որոնց անունները հայտնվել էին հայտարարության ներքո, լրագրողներին հաղորդել են, որ կաթողիկոսի դեմ որևէ թուղթ չեն ստորագրել:
Արդեն կեսօրին կառավարության նիստից հետո ճեպազրույցում Փաշինյանը ողջունել էր եպիսկոպոսների այդ հայտարարությունը։ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել եպիսկոպոսների հետ, որոնք ստորագրել են այդ հայտարարությունը։ Նոյեմբերի 27-ի երեկոյան Փաշինյանի մամուլի ծառայությունը հրապարակել է ցուցակում հայտնված 13 հոգևորականներից 8-ի հետ հանդիպման տեսագրություն: Հանդիպման մասնակիցների թվում էր նաև ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդը: