


Արմինֆո. Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հայաստանի հետ երկկողմ և տարածաշրջանային մակարդակով համագործակցության հնարավորությունը: Այդ մասին ասվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի ամփոփիչ հայտարարությունում, որը տեղի է ունեցել Անկարայում ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ:
Ինչպես հաղորդում է «Անադոլու»-ն, համապատասխան տեղեկատվությունը տարածել է Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր կապերի վարչությունը։
"Վերջին շրջանում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացում տեղի ունեցած դրական իրադարձությունների լույսի ներքո Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են երկկողմ եւ տարածաշրջանային մակարդակով համագործակցության հնարավորությունները, ինչպես նաեւ հաստատվել է թուրքական կողմի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության հաստատման եւ զարգացման ապահովման հարցում", - ասված է հաղորդագրության մեջ:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի մասին 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հայտարարել էր Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ընդ որում, նա ընդգծել էր, որ Անկարան գործելու է Ադրբեջանի հետ համակարգմամբ՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Կողմերը կարգավորման գործընթացում Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչներ են նշանակել՝ Սերդար Քըլըչը եւ Ռուբեն Ռուբինյանը, որոնք արդեն մի քանի փուլ բանակցություններ են անցկացրել, սակայն ինչ-որ բեկումնային որոշումների հասնել նրանց դեռ չի հաջողվել:



