


Արմինֆո. Վերջին 100 տարվա ընթացքում Հայաստանը դեռ այնքան անկախ ու ինքնիշխան չի եղել, որքան այսօր, դա փաստ է ու իրականություն։ Այդ մասին նոյեմբերի 14-ին ԱԺ-ում ճեպազրույցում հայտարարել է կառավարող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ այդ առնչությամբ ոչ ոք չի կարող վիճել կամ ինչ-որ մեկնաբանություններ անել։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից բացի, կողմերն արդեն համատեղ որոշում են կայացրել սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ, որի ընթացքում նախատեսվում է կողմնորոշվել նաև գրավյալ տարածքների հարցի շուրջ: Միաժամանակ, ԱՄՆ մայրաքաղաքում նախաստորագրված համաձայնագիրը հստակ սահմանում է կողմերի ՝ միմյանց նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելու մասին ։ "Մենք ելնում ենք կոնկրետ փաստերից, այլ ոչ թե՝ դատարկ հայտարարություններից։ Մնացածը թողնում ենք իրականության հետ կապ չունեցող մեկնաբանություններով հանդես եկող ընդդիմության խղճին", - ընդգծել է Հովհաննիսյանը։



