


Արմինֆո. Երևանի ավագանու կողմից սահմանված կանոնները խախտող կառուցապատողները խստորեն կպատժվեն: Այդ մասին ասվում է քաղաքապետարանի հաղորդագրությունում։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, 2023 թվականին Երևանի ավագանին փոփոխություններ է կատարել շինհրապարակների պատշաճ նախագծման վերաբերյալ ավագանու որոշման մեջ: Որոշման համաձայն, կառուցապատողները պարտավոր են ինհրապարակները փակել փոշեկլանիչ ցանցերով, ինչը թույլ կտա ոչ միայն նվազեցնել շինարարական աշխատանքների ազդեցությունը Երևանի շրջակա միջավայրի վրա, այլև նշանակություն կունենա քաղաքի անվտանգության համար: Բացի այդ, նշված որոշման համաձայն, շինհրապարակներում պետք է տեղադրվեն օդի որակի վերահսկման սարքեր, ինչպես նաև կազմակերպվի բեռնատարների լվացում, որպեսզի շինհրապարակից փողոց դուրս եկող բեռնատարներն ունենան մաքուր անվադողեր:
"Կան կառուցապատողներ, որոնք, ընդհանուր առմամբ, հետևողականորեն հետևում են սահմանված կանոններին, կան նաև անբարեխիղճ կառուցապատողներ։ Քաղաքային իշխանությունները քննարկում են մինչև տարեվերջ Երևանի ավագանու որոշման մեջ մի շարք փոփոխություններ մտցնելու հնարավորությունը: Ավագանու կողմից սահմանված կանոնները խախտող կառուցապատողները խստագույնս կպատժվեն", - ասվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:



