


Արմինֆո. Բաքվում Հայաստանի դեմ ընթացող կեղծ դատավարությունը եզրափակիչ փուլ է մտել․ մեղադրողը գործով անցնող հայերի համար 16 տարուց մինչև ցմահ ազատազրկում է պահանջել: Այդ մասին գրում է Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանական նպատակներում խաղաղությունը հենց այսպես է լինում` կեղծ դատավարության միջոցով ՀՀ-ի դեմ կարվող կոմպրոմատներ, որոնք ցանկացած պահի կարող են օգտագործվել մեր երկրի դեմ` և´ որպես սադրանքի հիմք, և´ ճնշման միջոց, և´ պայմանավորվածությունները միակողմանի չկատարելու դրդապատճառ:
Իշխանության` Արցախի մասով հնչող թեզերն էլ, ոչ միայն ամբողջությամբ տեղավորվում են Ադրբեջանի պետական քաղաքականության կոնցեպտում, այլ հնարավորություն են տալիս Բաքվին` ՀՀ-ի դեմ կիրառվող զինանոցն, առավել արդյունավետ խաղաքարտի վերածել», - գրել է պատգամավորը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Նշենք, որ Բաքվում ավարտվել է Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների նկատմամբ, այսպես կոչված, դատաքննությունը ։ Դատախազը Արայիկ Հարությունյանի և Դավիթ Բաբայանի համար պահանջել է ցմահ ազատազրկում: 20-ական տարի պետք է նստեն նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ։ Մնացած բոլորին սպառնում է 16-19 տարվա ազատազրկում։



