
Արմինֆո. Իրանը մշտապես աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, ով ավարտում է իր առաքելությունը երկրում:
"Այն, ինչ տեղի ունեցավ Վաշինգտոնում՝ մի մասը վերաբերում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը, այն, ինչին մենք միշտ ձգտել և աջակցել ենք", - ասել է իրանցի դիվանագետը:
Նրա խոսքով՝ Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Նա արձանագրել է, որ այդ համաձայնագիրը հիմնված է 5 սկզբունքների վրա ՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, սահմանների անձեռնմխելիություն և պետությունների իրավազորություն, որոնց աջակցում է իրանական կողմը: Նա խոստովանել է, որ ի սկզբանե Երևանի և Բաքվի միջև վաշինգտոնյան պայմանավորվածությունները որոշակի անհանգստություն էին առաջացնում Թեհրանում, սակայն այն փարատվել էր Հայաստանի իշխանությունների հետ տարբեր մակարդակներով հանդիպումների ժամանակ:
Սոբհանին հավելել է, որ Հայաստանի իշխանությունները հանդիպումների ժամանակ հավաստիացրել են իրանական կողմին, որ չեն ձեռնարկվի որևէ քայլ կամ գործողություն, որը կհակասի Երևանի և Թեհրանի շահերին:
Միևնույն ժամանակ, դեսպանը խոստովանել է, որ իրանական կողմի համար դեռևս անհասկանալի է, թե ինչպես է իրականացվելու օպերատորին առնչվող կետը, այսպես կոչված, Թրամփի երթուղով հաղորդակցությունների ապաշրջափակման շրջանակներում: Սոբհանին ասում է, որ դեռևս մանրամասներ չկան, թե ինչպես է ստեղծվելու հայ-ամերիկյան այս համատեղ ընկերությունը, որը լինելու է երթուղու կառավարիչ օպերատորը: Նա հավելել է, որ սխալ է համարում ինչ-որ գնահատականներ տալը, դեռևս մանրամասներ չկան:
Դիվանագետը նաև հիշեցրել է, որ Իրանը մշտապես վճռական աջակցություն է հայտնել Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հռչակագիր: Տվյալ փաստաթուղթը նախատեսում է, այդ թվում, "Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման" (TRIPP) կոմունիկացիոն ծրագրի մեկնարկը Հայաստանի Հանրապետության տարածքում:
TRIPP նախագիծը 42 կմ ճանապարհ Հայաստանի հարավում, որը թույլ կտա ցամաքային կապ ապահովել մայրցամաքային Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Երթուղին, ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի, 99 տարով տրվելու է ԱՄՆ-ի կառավարմանը ։ Անկախ փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ին երթուղու նկատմամբ վերահսկողության փոխանցումը կարող է էապես փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում և լուրջ ռիսկեր ստեղծել Հայաստանի ինքնիշխանության համար: