


Արմինֆո.ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և "Ֆլեշ" ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ՝ դիզվառելիքի ապօրինի շրջանառության վերաբերյալ գործը կրկին կքննվի, միայն, այս անգամ՝ Հակակոռուպցիոն դատարանում: Գործի մանրամասները հրապարակվել են Datalex դատական տեղեկատվական համակարգի կայքում:
Ըստ գործի նյութերի ՝ Սերժ Սարգսյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, կազմակերպել է պաշտոնատար անձանց խումբ ՝ առանձնապես խոշոր չափերով ՝ 489 միլիոն 160 հազար դրամի պետական միջոցների հափշտակություն կատարելու համար: Բարսեղ Բեգլարյանը մեղադրվում է այն բանի համար, որ լինելով "Ֆլեշ" ՍՊԸ-ի սեփականատեր ՝ 2013թ.հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգո Կարապետյանի հետ կատարել է պետական միջոցների հափշտակություն ՝ 489 մլն 160 հազար դրամի չափով, որը ստացվել է կառավարության պահուստային ֆոնդից ՝ 2013թ. գարնանը գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար մատչելի գներով դիզելային վառելիքի գնման պետական աջակցության ծրագրի:
Գործով մեղադրյալներ են նաև գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը, գյուղատնտեսության նախարարության բույսերի սելեկցիայի վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը: Նրանցից ոմանք արդեն ողջ չեն ։



