
Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ տեղում ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:
ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, աշխատանքի ընթացքը ներկայացրել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, հուշահամալիրի հիմնանորոգման ճարտարապետական խմբի անդամները՝ նախագծի համահեղինակ Սաշուր Քալաշյանի գլխավորությամբ, շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպության ներկայացուցիչներ, պատասխանատու պաշտոնյաներ:
Նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացվել է թանգարանի, թանգարանի վարչական հատվածի տանիքների առկա վիճակը, նորոգման ընթացքը, հստակեցվել են շինարարական աշխատանքների ավարտի ժամկետները: Նախարարը շեշտել է՝ հիմնանորոգման ընթացքում թանգարանի աշխատանքը պետք է ապահովվի անխաթար:
Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծել է մասնագետների հետևողական ջանքերի կարևորությունը՝ աշխատանքները որակյալ և ժամանակին իրականացնելու նպատակով:
Նշենք, որ ավելի վաղ համացանցում հայտնվել էին լուսանկարներ, որոնցում երևում է, որ համալիրի պատերին երեսպատման սալիկներ չկան: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը լրատվամիջոցներին հաղորդել էր, որ հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի տարածքում վերանորոգումներն ընթանում են արդեն մոտ երկու ամիս: Նրա խոսքով ՝ ջրահեռացման համակարգի բացակայության պատճառով տեղի է ունեցել երեսպատման քարերի տեղաշարժ, առաջացել են հուշարձանի անվտանգությանն առնչվող ռիսկեր, իսկ վերակառուցման նախագիծը ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել դեռևս 2021 թվականին: Աշխատանքներն այնքան էլ շուտ չեն ավարտվի, քանի որ իրականացվում են փուլերով, նշել էր նա։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաղորդել էր, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հոկտեմբերի 8-ից սկսվում է հիմնանորոգում։ Նշվել էր, որ աշխատանքներն իրականացվելու են 743 մլն դրամի (մոտ 2 մլն դոլար) պետական ֆինանսավորման հաշվին ։ Վերանորոգումն իրականացնելու է բաց մրցույթում հաղթող ճանաչված "Բիդեք" ՍՊԸ շինարարական ընկերությունը: Ճարտարապետական խմբի ղեկավարն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, ով Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և համանուն թանգարան-ինստիտուտի (կառուցված գրեթե 60 տարի առաջ) նախագծի համահեղինակն է: