
Արմինֆո. Առաջիկա օրերին Հայաստանում տեղի կունենա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի հանդիպումը: Այդ մասին սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում հաղորդել է Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
"Հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին Հայաստանում։ Օրվա և վայրի մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդվեն՝ երբ ժամանակը գա", - ասել է Ռուբինյանը։
Նրա հավաստմամբ՝ հանդիպման օրակարգում լինելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերի ողջ շրջանակը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրված պայմանագիրը կարող է խթան ծառայել հայ-թուրքական կարգավորման գործընթացում դրական դինամիկա արձանագրելու համար, Ռուբինյանն ասել է, որ Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը շատ կարեւոր է, եւ այն, միանշանակ, դրական ազդեցություն կունենա ինչպես տարածաշրջանային, այնպես էլ արտատարածաշրջանային գործընթացների վրա:
Հարցին, թե արդյոք քննարկվելու է հայ-թուրքական սահմանի բացման հարցը, խորհրդարանականը պատասխանել է, որ այդ ողջ գործընթացը սահմանի բացման մասին է:
"Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացը փակ սահմանի բացման եւ Երեւանի ու Անկարայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին է։ Եվ, բնականաբար, բոլոր քննարկումներն այդ մասին են", - ասել է նա։
Ռուբինյանը նաեւ խոստովանել է, որ մինչ օրս չի իրականացվել երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման շուրջ պայմանավորվածությունը, սակայն հավելել է, որ դա Հայաստանի մեղքով չէ: Նրա խոսքով՝ այդ հարցում հապաղելու ոչ մի պատճառ չկա։
Կարգավորման գործընթացի մեկնարկի մասին 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հաղորդել էր Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ընդ որում, նա ընդգծել էր որ Անկարան գործելու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի շուրջ Ադրբեջանի հետ համակարգմամբ: Կողմերը կարգավորման գործընթացում Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչներ են նշանակել Սերդար Քըլըչին եւ Ռուբեն Ռուբինյանին, որոնք արդեն մի քանի փուլ բանակցություններ են անցկացրել, սակայն ինչ-որ բեկումնային որոշումների հասնել նրանց դեռ չի հաջողվել: