
Արմինֆո. Հայտնի ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի կառուցած Մեչավնիկ էթնո-գյուղում 2025 թվականի սեպտեմբերի 4-6-ը հերթական անգամ կանցկացվի Kustendorf Classic դասական երաժշտության միջազգային փառատոնը։
Փառատոնն ամեն տարի հավաքում է երիտասարդ երաժիշտների և ճանաչված վարպետների ողջ աշխարհից: Այս տարի Էմիր Կուստուրիցայի վաղեմի ընկերոջ՝ ջութակահար և պրոդյուսեր, Almazian Productions - ի հիմնադիր Խաչատուր Ալմազյանի առաջարկությամբ և աջակցությամբ փառատոնի ծրագրում հանդես կգան նրա կողմից հրավիրված Հայաստանը ներկայացնող արտիստները:
Փառատոնի հատուկ հյուրն է լինելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Նա բաց դասախոսություն կանցկացնի փառատոնի մասնակիցների համար: Փառատոնի բեմում ելույթ կունենա նաև ռուսաստանահայ դաշնակահարուհի Եվա Գևորգյանը, ով կկատարի Պյոտր Իլյիչ Չայկովսկու դաշնամուրային առաջին կոնցերտը:
Էմիր Կուստուրիցայի փառատոնները երկար տարիներ հայտնի են իրենց յուրահատուկ մթնոլորտով և հավաքում են համաշխարհային մասշտաբի անուններ: Տարբեր տարիների դրանց հյուրերն են եղել Մոնիկա Բելուչին, Ջոնի Դեփը, Սալմա Հայեկը, Ջիմ Ջարմուշը, Վալերի Գերգիեւը, Յուրի Բաշմետը, Դենիս Մացուեւը եւ շատ ուրիշներ։ Այս տարի սպասվող հյուրերի թվում է համաշխարհային օպերային բեմի ամենավառ աստղերից մեցցո-սոպրանո Վասիլիսա Բերժանսկայան:
Նշենք, որ Մեչավնիկ էթնիկ գյուղը կառուցվել է Կուստուրիցայի կողմից "Կյանքը որպես հրաշք" ֆիլմի նկարահանումների համար (2004թ.): Դրվենգրադ ստեղծելու գաղափարը Կուստուրիցան նկարագրել է 2004 թվականի հուլիսին հետևյալ կերպ. «Պատերազմի ժամանակ ես կորցրեցի իմ Սարաևո քաղաքը: Այսպիսով, ես ուզում էի կառուցել իմ սեփական գյուղը: Այն կրում է գերմանական Kustendorf անվանումը։ Ես այնտեղ սեմինարներ կկազմակերպեմ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել, թե ինչպես է ստեղծվում կինոն, համերգներ տալ, կերամիկա պատրաստել, նկարել։ Սա այն վայրն է, որտեղ ես կապրեմ, և ուր որոշ մարդիկ կարող են ժամանակ առ ժամանակ գալ: Այնտեղ, իհարկե, բնակվելու են նաև այլ բնակիչներ, ովքեր աշխատելու են ։ Ես երազում եմ մշակութային բազմազանությամբ բաց վայրի մասին, որը հակազդելու է գլոբալիզացիային»: