
Եվրոպական չափանիշների համաձայն, Հայաստանում սահմանադրական բարեփոխումների քարոզարշավը շատ կարճ է տևում: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի ԶԼՄ-ների գծով փորձագետ Լորան Ռույը` նոյեմբերի 11-ին Երևանում «Հանրաքվեի լուսաբանումը Հայաստանում» կլոր սեղանի ընթացքում:
«Օրինակ, Շոտլանդիայում հանրաքվեի նախապատրաստումը մեկ տարի տևեց, Եվրոպայում նախընտրական քարոզարշավի նախապատրաստման նվազագույն ժամկետը 3-6 ամիս է, այդ ժամկետն անհրաժեշտ է առաջիկա փոփոխությունների մասին քաղաքացիներին պատշաճ իրազեկելու համար: Սակայն Երևանի իմ գործընկերներն ինձ ասացին, որ Հայաստանի համար նախընտրական քարոզարշավի երկու ամիսն էլ բավարար ժամկետ է», - նշել է փորձագետը:
Նա ընդսմին համոզմունք է հայտնել, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում պետությունը պետք է հավասար հնարավորություններ ապահովի բոլոր կողմերի համար, պետք է ապահովվի ազատ արտահայտվելու իրավունքը, իսկ ԶԼՄ-ները հանրաքվեի ընթացքին ազատ հետևելու իրավունք պետք է ստանան: Ռույը նաև համոզված է, որ մասնավոր ԶԼՄ-ները նույնպես պետք է ներգրավված լինեն քարոզչության գործընթացում` անկախ դրանց քաղաքական ուղղվածությունից: «Հասարակությունը պետք է պատշաճ իրազեկված լինի առաջիկա բարեփոխումների մասին և ընտրություն կատարի` ստացած տեղեկատվության ֆոնին», - եզրափակել է Ռույը:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն, իր հերթին, նշել է, որ իրենք արդեն հայկական վեց հեռուստաալիքների դիտարկում են անցկացրել հանրաքվեի լուսաբաման առնչությամբ, և առաջիկայում արդյունքները կներկաայցվեն:
Նավասարդյանը նաև ափսոսանքով փաստել է, որ դիտարկման արդյունքում պարզ է դարձել, որ չի կատարվում հավասար իրավունքների վերաբերյալ կետը, ինչպես նաև անվճար եթեր է տրամադրվում միայն այն քաղաքական ուժերին, որոնք ներկայացված են խորհրդարանում: Այդպիսով, շատ քաղաքական ուժեր և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ զրկվում են անվճար եթերի և սեփական կարծիքն արտահայտելու հնարավորությունից:
«Փաստորեն, նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 17-ին, սակայն, դիտարկումների համաձայն, կարելի է ասել, որ քիչ են խոսում Սահմանադրության բովանդակության մասին և ավելի շատ խոսում են իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների մասին», - եզրափակել է Նավասարդյանը:
Հիշեցնենք, որ սահմանադրական հանրաքվեն նշանակված է դեկտեմբերի 6-ին: