


Նոյեմբերի 11-ի նիստում Ազգային ժողովոը երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություն է կատարել Ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում:
Ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ներկայացրած պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի ասելով, այդ օրենքի միջոցով լուծվում է երկու խնդիր. վերացվում են Հայաստանի սահմանադրությանը հակասող նորմերը և վերը նշված երկու օրենքների միջև եղած հակասությունները, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան քվեարկելու նույնականացման քարտերով:
Մինչ օրս քվեարկելու իրավունք ունեին միայն անձնագիր ունեցող քաղաքացիները, որի վրա քվեարկությունից հետո դրվում էր դրոշմակնիք: Այսուհետև քաղաքացիները հնարավորություն են ստանում քվեարկել նաև նույնականացման քարտերով, որոնց վրա դրոշմակնիք չի դրվի:
Հարկ է նշել, որ փաստաթղթի հեղինակները պատգամավորների առաջարկություններից ոչ մեկը չեն ընդունել, պատճառաբանելով, թե ժամանակը սուղ է, և հանրաքվեից առաջ պատգամավորական կորպուսի նախաձեռնությունների իրագործման հնարավորություն չկա:



