
Արմինֆո. Հայ պատմաբան, ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը "Հայաստանի պատմություն" (նախկինում՝ Հայ ժողովրդի պատմություն - խմբ.) նոր դասագրքի համահեղինակներին 72 ժամ է տվել գրքի հեղինակությունից հրաժարվելու համար:
Դեմոյանը «Ֆեյսբուքի» իր էջում խիստ վրդովմունք է հայտնել այն առնչությամբ, որ դպրոցական դասագրքի հեղինակները չեն կարողացել ճիշտ ձևակերպել ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների խորհուրդն ու ստույգ անվանումները:
«Պարզվում է, որ Հայոց ցեղասպանության պատմական փաստը կասկածի տակ դնող Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս կազմող ԿԳՄՍ-ն ու յուր մինիստր Ժաննան Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը դպրոցական դասագրքերում կարող են անվանել «Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիր», իսկ 1919 թ. Կոստանդնուպոլսում կանգնեցված ապրիլյան զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը ուղղակի կարելի է անվանել «Ցեղասպանության առաջին հուշարձան»:
Այս անմեղսունակները չեն հասկացել, որ ցեղասպանության առիթով կամ դրան նվիրված հուշարձաններ չեն կանգնեցնում: Չնայած ու՞մ ու ի՞նչ եմ բացատրում: Յոթ տարի է չեն գտնում ու պատժում թանգարանի անվան տակ իրականացրած փողերի լվացման, գումարների յուրացման ու կոծկման խայտառակ գործողության մասնակիցներին, իսկ դրա մասնակիցներ Հարություն Մարությանն ու Հրանուշ Խառատյանը շարունակում են հանրային հարցազրույցներ տալ:
9-րդ դասարանի պատմության դասագիրքն արդեն գովասանքի է արժանացել մինիստր Ժաննա Անդրեասյանի կողմից, իսկ զոհերի հիշատակը պղծող Նիկոլը դեռ չի հասցրել դրվատանքի խոսք ասել այս դասագրքի կապակցությամբ, որտեղ ոչ ավել, ոչ պակաս չորս լուսանկար ունի «թավշյա կրկեսին» նվիրված բաժնում:
Դասագրքի համահեղինակ յոթ պատմաբաններին տալիս եմ 72 ժամ՝ դասագրքի հեղինակությունից հրաժարվելու համար: Հակառակ պարագայում այն օրն եմ գցելու, որ ձեր թոռներն էլ ձեր արածի համար ամաչեն...», - գրել է Հայկ Դեմոյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԿԳՄՍՆ նախագահ Ժաննա Անդրեասյանը պատմել էր, որ նոր ուսումնական տարում հանրապետության դպրոցները կունենան հայ ժողովրդի պատմության նոր դասագիրք 9-րդ դասարանի համար, որն այժմ կոչվում է "Հայաստանի պատմություն": Գիրքն ընդգրկում է 19-րդ դարի վերջից մինչև 21-րդ դարի սկիզբը տեղի ունեցած իրադարձությունները։ Դասագիրքը դպրոցական ծրագրում կներդրվի արդեն սեպտեմբերի 1-ից։
Նշենք, որ չնայած հանրային բողոքին։ Անդրեասյանն անտեսել է երկրի գիտական հանրության բոլոր դիտողությունները ։ Վերջիններս մատնանշել են ԿԳՄՍՆ կողմից ընտրված հեղինակի կազմած նորաթուխ դասագրքերում հայեցակարգային, մեթոդաբանական և մանկավարժական լուրջ խնդիրների առկայությունը: Նրանք ընդգծել են ոչ թե մեկ անձի, այլ տարբեր պատմական ժամանակաշրջաններում մասնագիտացած փորձագետների խմբի կողմից դասագրքի ստեղծման անհրաժեշտությունը: Բացի այդ, նշվել է տեքստում հիպոթետիկ մոտեցումների գերակշռությունը՝ անհերքելի փաստերի հենվելու փոխարեն ։ Փորձագետները համոզմունք են հայտնել, որ Հայաստանի իշխանություններն այս կերպ ձգտում են նվազագույնի հասցնել հայ ժողովրդի պատմական ժառանգությունը: "Հայ ժողովրդի պատմություն" առարկայի վերանվանումը "Հայաստանի պատմություն" դիտարկվել է որպես հերթական ապազգային նախաձեռնություն, քանի որ Հայոց պատմությունն ընդգրկում է ավելի լայն սպեկտր, ներառյալ հայ ժողովրդի պատմությունը Հայքից մինչև Ուրարտու, հայկական բոլոր թագավորությունները և հայկական սփյուռքի հարուստ պատմությունը դարերի ընթացքում: Մինչդեռ, ժամանակակից Հայաստանը ձևավորվել է ընդամենը երկու դար առաջ, հիմնականում, Հայոց ցեղասպանության և անկախության կորստի արդյունքում: