


Արմինֆո. «Սրբազան պայքարի» համակիր, քաղբանտարկյալ, 2 ամսով կալանավորված Աղվան Արշակյանի առողջական դրությունն ու ներկայիս կարգավիճակը անհամատեղելի են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է "Հայաստան" խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Աղվանի մոտ երկու տարի առաջ հայտնաբերվեց ծանր հիվանդություն։ Բարդ վիրահատությունից հետո անցնելով քիմիոթերապիայի կուրսեր՝ Աղվանը 3 ամիսը մեկ պարտադիր պետք է անցնի հետազոտություններ, լինի բժիշկների վերահսկողության ներքո։ Ըստ ժամանակացույցի՝ հաջորդ հետազոտությունը պետք է իրականացվի սեպտեմբերին։
Բացի այդ, Աղվանի առողջական վիճակի բարելավման համար անհրաժեշտ են զբոսանքներ, մաքուր օդ, հատուկ սննդակարգ։
Աղվանի դեպքն արժանի է առանձին ուշադրության, քանի որ իր՝ անազատության մեջ գտնվելու յուրաքանչյուր օրը բացասական է անդրադառնում երիտասարդ տղայի առողջությանը։
Ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ մեր ամենից հայրենասեր քաղաքացիներն առանց որևէ հիմքի հայտնվում են բանտերում։ Բռնապետական ռեժիմի համար անգամ զսպող հանգամանք չէ մարդու առողջական դրությունը։ Կալանքը՝ որպես խափանման միջոց, սրանց օրոք վերածվել է պատժի միջոցի։
Խնդրի կապակցությամբ պատրաստվում եմ դիմել նաև ՀՀ ՄԻՊ-ին։ Կրկնում եմ՝ պայմանավորված առողջական վիճակով՝ Աղվան Արշակյանն օր առաջ պետք է լինի ազատության մեջ՝ իր մայրիկի կողքին։
Վստահ եմ, որ այսպիսի ազնիվ և խիզախ երիտասարդներն են կերտելու վաղվա մեր օրն ու ապագան», - գրել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություններ էին սկսել "Սրբազան պայքար" շարժման կողմնակիցների և ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց տներում: ՔԿ-ում հայտարարել են, որ շարժման մասնակիցներն ու առաջնորդները, իբր, ծրագրել էին ահաբեկչություններ և իշխանության զավթում Հայաստանում: "Իշխանությունը զավթելու" փորձի մեղադրանքով երկու ամսով կալանավորվել է 16 մարդ, այդ թվում ՝ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:



