


Արմինֆո. Ամերիկացիներն ունեին Հայաստանի Սյունիքի մարզով անցնող ճանապարհը վարձակալելու գաղափար, սակայն հայկական կողմը հայտարարել է, որ այդ առաջարկն անընդունելի է, և այդ հարցի շուրջ քննարկումները դադարեցվել են։ Այդ մասին Factor TV-ի եթերում հայտարարել է ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
"Մենք նկատեցինք ինքնիշխանության զիջման վտանգ, մենք տեսանք վտանգ ոչ թե գործառույթի իրականացման, այլ բուն վարձակալության մեջ։ Այդ տարբերակը մեզ համար անընդունելի էր։ Ամերիկացիների հետ մտքերի փոխանակում է եղել, թեման այդ ուղղությամբ չի զարգանում, եթե ասել ենք՝ ոչ, ուրեմն ՝ ոչ", - ասել է Արման Եղոյանը։
Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան, Սիրիայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է կառավարել Իրանի սահմանի մոտ գտնվող տրանսպորտային միջանցքը՝ փորձելով առաջ մղել Բաքվի և Երևանի բանակցությունները: Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ Հայաստանը չի քննարկում Ադրբեջանը Նախիջեւանի ինքնավարության հետ կապող իր տարածքի վերահսկողությունը երրորդ կողմին փոխանցելու հնարավորությունը:
Ադրբեջանը պնդում է, այսպես կոչված, Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի անցկացում, որպեսզի իր հիմնական տարածքը Նախիջևանի հետ կապի Սյունիքով։ Երևանում համաձայն չեն միջանցքի գաղափարին և պատրաստ են Ադրբեջանի համար բացել Հայաստանի ինքնիշխանության տակ գտնվող ճանապարհը։ 2024 թվականի օգոստոսին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան կողմ է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և Հայաստանի Սյունիքի մարզով հաղորդակցությունների ապաշրջափակմանը։



