


Արմինֆո. "Ոսկե ծիրան" 22-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում "Փարաջանովի թալեր" մրցանակի է արժանացել մավրիտանացի ռեժիսոր, Կաննի կինոփառատոնի, Cesar (Ֆրանսիայի Ազգային կինոմրցանակ) և 20-ից ավելի հեղինակավոր այլ մրցանակների դափնեկիր Աբդեռահման Սիսակոն՝ համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար:
Դիմելով հայ հանդիսատեսին՝ նա նշել է, որ նման գնահատականն իր համար ամենակարևորն է, քանի որ այն ստանում է այստեղ ՝ Երևանում: "Սա իսկապես հրաշալի քաղաք է, քանի որ այստեղ մարդիկ հրաշալի են", - ասել է ռեժիսորը ՝ առիթը բաց չթողնելով գովաբանել թե հայկական խոհանոցը, թե տեղացիների հյուրընկալությունը: Նա "Փարաջանովի Թալերը" անվանել է իր կյանքի ամենանշանակալի պարգևը, որովհետև, կարծես, այն ստանում է հենց Սերգեյ Փարաջանովից ՝ ռեժիսորից, ում համարում է ամենամեծը համաշխարհային կինոյի ճանաչված վարպետների մեջ: Այդ առնչությամբ Սիսակոն շնորհակալություն է հայտնել Երևանում Փարաջանովին նվիրված այսպիսի եզակի թանգարանի պահպանման համար:
Մավրիտանացի ռեժիսորը պատմել է նաև իր կյանքի ամենակարևոր տարիների մասին, որոնք նա անցկացրել է Մոսկվայում ՝ ՎԳԻԿ-ում սովորելու տարիներին ՝ Բորիս Գազիևի արվեստանոցում: Խոսելով իր ուսուցչի մասին՝ նա նշել է, որ չկա ավելի կարևոր բան, քան՝ երբ վարպետը հավատում է ոչինչ չիմացող երիտասարդի տաղանդին: «Դա ես սովորել եմ իմ վարպետից», - նկատել է Սիսակոն։
Այդ առնչությամբ նա դիմել է մշակույթի ոլորտը համակարգող Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչներին ՝ կոչ անելով խրախուսել և աջակցել արվեստագետներին, հատկապես, երիտասարդներին, որոնց մեջ կան անթիվ տաղանդներ:
Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով հրավերի և նման բարձր պարգևի համար՝ Սիսակոն նշել է, որ "Ոսկե ծիրան" կինոփառատոնն իրավամբ կարող է համարվել Երևանի իսկական այցեքարտը:
Նշենք, որ "Փարաջանովի Թալերը" Աբդեռահման Սիսակոյին է հանձնել "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնի համահիմնադիր Սուսաննա Հարությունյանը:
Հիշեցնենք, որ 22-րդ "Ոսկե ծիրանն" անցկացվել է Երևանում հուլիսի 13-20-ը: Աբդեռահման Սիսակոն այստեղ է ժամանել որպես պատվավոր հյուր և կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի նախագահ:



