
Արմինֆո. "Ոսկե ծիրան" 22-րդ միջազգային կինոփառատոնը կբացվի իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիի "Մի պարզ պատահար" ֆիլմով, որը Կաննի 78-րդ կինոփառատոնում արժանացել է Ոսկե արմավենու ճյուղի։ Հատկանշական է, որ դա բանտարկությունից հետո Փանահիի առաջին ֆիլմն է, որը նրան հաջողվել է անձամբ ներկայացնել Կաննում:
Բայց՝ արդյոք պարզ պատահականություն է, որ հենց այդ հաղթական կինոաշխատանքն է նշանավորելու Երևանյան "Ոսկե ծիրանի" բացումը, հասկանանք միասին:
Ջաֆար Փանահին 2010 թվականին Իրանում դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման՝ կառավարող վարչակազմի հակաքարոզչության մեղադրանքով: Սակայն անազատության մեջ նա անցկացրել է ընդամենը 2 ամիս՝ շնորհիվ իրանաֆրանսիական մշակութային կենտրոնի միջամտության և 200 հազար դոլար գրավի։ Արդյունքում՝ խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի և ֆիլմ նկարահանելու, սցենարներ գրելու, հարցազրույցների լիակատար արգելքի։
Սակայն արդեն 2022 թվականին Փանահին կրկին հայտնվում է կալանքի տակ՝ այն բանից հետո, երբ դեմ է հանդես գալիս իրանցի կինոգործիչների ձերբակալությանը։ Այս անգամ դատարանը վճիռ է կայացնում 2010 թվականին ՝ 6 տարի ժամկետով ազատազրկման մասին։ Բանտում Փանահին անժամկետ հացադուլ է հայտարարում և 2023 թվականի փետրվարին ազատ է արձակվում։
Եվ այստեղ հարկ է նշել, որ հենց Երևանն ու "Ոսկե ծիրանը" նրա առաջին հրապարակային լույսընծայումն էին ՝ բանտարկությունից հետո: Կազմակերպիչների ջանքերի շնորհիվ կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ նրա "Օֆսայդ" ֆիլմի ցուցադրությունը, ապա նաև երկրպագուների հետ հանդիպում Երևանում: Հատկանշական է, որ Փանահիի հանդիպումը հանդիսատեսի հետ մեր երկրում տեղի է ունեցել նրա ծննդյան օրը՝ հուլիսի 11 - ին, որն ուղեկցվել է ռուս կինոքննադատ Անտոն Դոլինի " Անհնազանդության ակտ. Ջաֆար Փանահիի Ֆիլմերը" գրքի շնորհանդեսով։
21-րդ "Ոսկե ծիրանի" ընթացքում ռեժիսորն արժանացել է "Փարաջանովի թալերի"՝ համաշխարհային կինոարտադրության մեջ ունեցած ավանդի համար: Նրա ներկայությունը կինոփառատոնին ոչ միայն անհավանական մշակութային իրադարձություն էր, այլև հզոր քաղաքական, մարդկային հաղթանակ: Այսպիսով, «Ոսկե ծիրանը» դարձավ առաջին փառատոնը, որը հրավիրեց Փանահին երկար տարիների արգելքից և բանտարկությունից հետո: Այսինքն՝ Փանահիի վերադարձը սկսվեց հենց Երևանից։ Դրա համար էլ "Մի պարզ պատահարը" Երևանում ամենևին էլ պարզ պատահականություն չէ։ Նշենք, որ Ջաֆար Փանահին աշխարհի ամենատիտղոսակիր ռեժիսորներից է, որի 10 ֆիլմերից 9 - ն արգելված են իր իսկ հայրենիքում ՝ Իրանում, սակայն արժանացել են ամենահեղինակավոր կինոմրցանակների:
Մասնավորապես, նա "Ոսկե առյուծի" դափնեկիր Է Վենետիկի կինոփառատոնում, "Ոսկե արջի"՝ Բեռլինի կինոփառատոնում, "Ոսկե տեսախցիկի"՝ Կաննի կինոփառատոնում։ Բացի այդ, Կաննում Փանահին արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին "Ոչ արջերին" ֆիլմի համար և այլն:
"Արդեն ավելի քան երկու տասնամյակ "Ոսկե ծիրանը" շարունակում է մնալ տարածաշրջանի ամենաազդեցիկ և միջազգայնորեն ճանաչված կինոփառատոնը ։ Փանահիի պատմությունը ևս մեկ անգամ ընդգծում է փառատոնի յուրահատուկ առաքելությունը ՝ աջակցել ազատ արվեստին, համաշխարհային մշակութային երկխոսությանը և կինոյի անկախությանը ռեժիմներից: Ջաֆար Փանահիի ներկայությունը "Ոսկե ծիրան" 22-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը կլինի այդ առաքելության վառ ապացույցը", - ասված է կինոփառատոնի կազմակերպիչների հաղորդագրության մեջ:
Նշենք, որ այս տարի կինոփառատոնը կանցկացվի Երևանում հուլիսի 13-20-ը: Կինոցուցադրությունների համար հարթակներ կդառնան "Մոսկվա" կինոթատրոնը և Կինոյի տունը: