


Անդրեյ Բիտովի «Հայաստանի դասերը» գիրքը դարձել է «Յասնայա պոլյանա» «Ժամանակակից կլասիկա» անվանակարգում մրցանակի դափնեկիր:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Արձանիկը և դիպլոմը դափնեկրին հանձնել Է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին: «Ժամանակակից կլասիկա» անվանակարգում կարճ ու երկար թերթիկներ չեն կազմվում, ժյուրիի անդամները միանգամից են ընտրում դափնեկրին: Այս տարի դափնեկիր Է դարձել Անդրեյ Բիտովը ավելի քան 40 տարի առաջ գրված «Հայաստանի դասերը» գրքի համար: Այն ժամանակ Բիտովը ԽՍՀՄ-ի գրողներից առաջինը բացահայտորեն եւ առանց վերապահումների խոսեց հայերի ցեղասպանության մասին ու դատապարտեց այն: Բիտովը Հայաստանի պատվավոր քաղաքացի է և Երևանի պետհամալսարանի պատվավոր դոկտոր: «Ժամանակակից կլասիկա» անվանակարգում Անդրեյ Բիտովը 1,5 մլն ռուբլի դրամական մրցանակ Է ստացել:
Անդրեյ Գեորգիի Բիտովը ծնվել Է Լենինգրադում: Ավարտել Է Լենինգրադի լեռնային ինստիտուտի երկրաբանահետախուզական ֆակուլտետը: Գրել սկսել Է 1956 թվականից: Գրում էր բանաստեղծություններ, կարճ պատմվածքներ, որոնք առաջին անգամ հրապարակվել են 1990-ական թվականներին: 1960-ից մինչեւ 1978 թվականը տպագրվել են նրա արձակի շուրջ տասը գիրք: 1978 թվականին ԱՄՆ-ում հրապարակվել Է Բիտովի «Պուշկինյան տուն» վեպը: 1988 թվականին մասնակցել Է ռուսական Պեն-ակումբի (միջազգային ասոցիացիա, որը միավորում Է պոետների, Էսսեիստների ու նովելիստների. Խմբ.ՏԱՍՍ) ստեղծմանը, որի նախագահն Է դարձել 1991 թվականին:



