
Թույլատրելով ID քարտերի օգտագործումը՝ խորհրդարանը կավելացնի բազմակի քվեարկողների բրիգադների աշխատանքի արդյունավետությունը սահմանադրական հանրաքվեի ժամանակ: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով, նախնական հանրային քննարկումները ցույց են տալիս իշխանություններին, որ խորհրդարանական սահմանադրական համակարգին անցնելու քողի տակ սեփական միահեծան իշխանությունը պահպանելու Սերժ Սարգսյանի փորձը մերժվում է մեր հասրակաության կողմից: Դրա վկայությունն են հարյուրավոր հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների, փաստաբանների կոլեգիա 50 անդամների, Երեւանի պետհամալսարանի գիտխորհրդներից մեկի աննախադեպ հայտարարությունները: ՙԱյս է պատճառը, որ իշխանությունները, տեսնելով ժողովրդի համատարած անվստահությունը հանրաքվեի դրած իրենց ծրագրերի նկատմամբ, հասկացել են, որ ընտրակեղծարարության արդեն սովորական դարձած միջոցներով հնարավոր չի լինի ապահովել ձայների անհրաժեշտ քանակը: Հետեւաբար վարչախումբը սկսել է կատարել քայլեր, որոնք ուղղված են ընտրակեղծիքների ծավալի կտրուկ բարձրացմանը: Մասնավորապես, ըստ էության ազդարարելով ադմինիստրատիվ ռեսուրսի աննախադեպ օգտագորման իր պատրաստակամությունը, վարչախումբը ՙԱՅՈ՚-ի քարոզարշավի շտաբի պետ է նշանակել վարչապետը Հովիկ Աբրահամյանին, իսկ տեղակալներ՝ այնպիսի պաշտոնյաների, ինչպիսիք են, օրինակ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ու նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ովքեր իրենց գործը անելու են առանց արձակուրդ գնալու, այսինքն համատեղելով աշխատանքը գործադիր իշխանության մեջ՝ քարոզարշավի հետ: Նույն նպատակին է ծառայում Ազգային Ժողով հապճեպ բերած նույնականացման քարտերով քվեարկության օրինականացման օրինագիծը, որը էապես կավելացնի բազմակի քվեարկողների բրիգադների աշխատանքի արդյունավետությունը՚,- ասել է Զուրաբյանը:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն իր հերթին անընդունելի է համարել նույնականացման քարտերի օգտագործումը, քանի որ նա նույնպես գտնում է, որ դա կհանգեցնի բազմակի քվեարկությունների:
Նշենք, որ ՀՀ ԱԺ-ն քննարկում է «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին՚ և «Նույնականացման քարտերի մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասինե օրենքների նախագծերի փաթեթը: ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշել է, որ քաղաքացու ընտրական իրավունքը՝ որպես սահմանադրական իրավունք, չի կարող սահմանափակվել, եթե վերջինս ներկայացնում է պետության կողմից ճանաչված եւ իր անձը հաստատող միակ փաստաթուղթը` նույնականացման քարտը: Հաշվի առնելով այդ հանգամանքը եւ նպատակ ունենալով ապահովելու նույնականացման քարտերով քվեարկությանը մասնակցելու քաղաքացիների սահմանադրական իրավունքը՝ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է «ՀՀ ընտրական օրենսգրքում՚ և «Նույնականացման քարտերի մասին՚ ՀՀ օրենքներում կատարել համապատասխան փոփոխություններ՝ սահմանելով, որ քվեարկության ժամանակ նույնականացման քարտը նույնպես համարվում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթ: