
Արմինֆո. Սմոլենսկի պետական համալսարանն իրականացնում է ծրագիր, որի նպատակն է զարգացնել և ինտեգրել հայկական տեքստի կոնցեպտը գրական տիրույթում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Մարշալ Բաղրամյանի անվան Հայաստանի վետերանների միավորման նախագահի տեղակալ, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Իջևանի մասնաճյուղի դասախոս Ելենա Շուվաևան:
Ինչպես պարզաբանել է ԵՊՀ դասախոսը, գոյություն ունի կովկասյան տեքստ հասկացություն, որն ակտիվորեն ուսումնասիրվում է Պուշկինի նման դասականների ստեղծագործության միջոցով՝ Էրզրում կատարած նրա ճանապարհորդության համատեքստում, ինչպես նաև Լերմոնտովի և 20-րդ դարի 60-ականների գրողների ստեղծագործությունների միջոցով, այդ թվում՝ Անդրեյ Բիտովի "Հայաստանի դասերը" աշխատության և Յուրի Կարաբչիևսկու "Հայաստանի կարոտը" վիպակի միջոցով:
Միեւնույն ժամանակ, ինչպես պատմել է Շուվաեւան, Սմոլենսկի պետական համալսարանի պրոֆեսորներ Իրինա Ռոմանովան եւ Լարիսա Պավլովան, որոնք այս օրերին Հայաստանում են Նիկողայոս Մառի անվան հայագիտական մրցույթի դափնեկիրների պարգեւատրման շրջանակներում, ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ կովկասյան տեքստը չի ընդգրկում Հայաստանի տարածքը։ Այդ առնչությամբ նրանք որոշել են առանձնացնել հայկական տեքստի կոնցեպտը՝ որպես առանձին կատեեգորիա։
"Այդ պատճառով նրանք արդեն մի քանի տարի գիտաժողովներ են անցկացնում, ստեղծելով առանձին բաժին՝ նվիրված "Հայկական տեքստին ռուս գրականության մեջ"։ Բացի այդ, նրանք զբաղվում են այդ թեմային նվիրված կայքի մշակմամբ", - պարզաբանել Է Շուվաեւան։
Հայկական տեքստի կոնցեպտը, նրա խոսքով, ընդգրկում է տարբեր ժամանակաշրջանների հեղինակների, առավելապես ռուս և ռուսալեզու գրողների, որոնց ստեղծագործությունը բացահայտում է Հայաստանի կերպարը:
"Եթե խոսենք հայկական տեքստի մասին, ապա այստեղ կարելի է առանձնացնել ոչ միայն Պուշկինին, այլև 20 - րդ դարասկզբի այնպիսի հեղինակների, ինչպիսիք են Վալերի Բրյուսովը, Սերգեյ Գորոդեցկին և Վերա Զվյագինցևան, ինչպես նաև մեր ժամանակների գրողներին, օրինակ, Վիկտոր Կոնոպլյովին", - նշել է ԵՊՀ դասախոսը:
Շուվաեւան, միաժամանակ, ուշադրություն է դարձրել, որ հայկական տեքստը, պարզապես, տողեր եւ տառեր չեն։ Սմոլենսկի համալսարանի ներկայացուցիչների կողմից հայկական տեքստի հետազոտություններն իրականացվում են, օրինակ, կոլորիստիկայի պրիզմայով։
"Հայաստանը կարելի է ընկալել ոչ միայն տեքստի, այլև բուրմունքի, համերի և, նույնիսկ, գույների միջոցով ։ Օրինակ, Մանդելշտամի ստեղծագործության մեջ երկնագույնի բազմաթիվ հիշատակումներ կան։ Նրա համար դա Սևանի գույնն է, Արարատի գլխարկը և նրա վերևում գտնվող երկինքը, ինչպես նաև մաքրության գույնը, որով նա ընկալում էր Հայաստանը",- հավելել է նա:
Շուվաևան վստահ է, որ գրողներին և մարդասերներին գրավում է այն սերն ու արևայինը, որ ճառագում է Հայաստանը: Այդ կապակցությամբ նա տեղեկացրել է, որ մտադիր է Սմոլենսկի պետհամալսարանի պրոֆեսորների հետ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների համար դասախոսություն անցկացնել ՝ նվիրված հայկական տեքստին ռուս գրականության մեջ:
"Հայաստանը միշտ գրավել և ոգեշնչել է։ Օրինակ, Մանդելշտամի պատմությունը. մինչև Հայաստան գալը նա տասը տարի բանաստեղծություններ չէր գրում, իսկ այցից հետո նրա մուսան վերադարձավ, և նա նորից սկսեց ստեղծագործել: Սա Հայաստանի հատուկ զորությունն է։ Գուցե դա Արարատյան ձգողականությունն է. չէ որ այն երկրի կենտրոնն է և մարդկության բնօրրանը", - ամփոփել է Շուվաևան։