

Ադրբեջանական բանակի կողմից Հայաստանի սահմանամերձ բնակավայրերն ու մարտական դիրքերից կիլոմետրեր հեռու տեղաբաշխված ԼՂՀ զինվորական ստորաբաժանումները հրետակոծությունների թիրախ դարձնելը, որի հետևանքով զոհվեցին խաղաղ բնակիչներ և զինծառայողներ, խոսում է այն մասին, որ ի դեմս Ադրբեջանի, միջազգային հանրությունը, Հայաստանն ու Արցախը գործ ունեն ահաբեկչական գործելակերպ որդեգրած, անհաշվետու և սանձարձակ ամենաթողության սկզբունքներ դավանող պետության հետ: Այդ մասին ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հայտարարությունում, որի տեքստը տրամադրվել է ԱրմԻնֆո-ին:
«Բաքուն չի թաքցնում, այլ, ընդհակառակը, լկտիաբար ի ցույց է դնում իր քամահրական վերաբերմունքը միջազգային կարծիքի, իրավական և մարդասիրական նորմերի և իր ստանձնած պարտավորությունների հանդեպ: Զինված ընդհարումներ հրահրելով և սաստկացնելով լարվածությունը սահմանագծում` Ադրբեջանն, ըստ էության, վերացնում է հրադադարի ռեժիմը և այն փոխարինում շարունակական սադրանքների և քաղաքական շանտաժի ռեժիմով` դրանով իսկ խափանելով Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կար•ավորման միջնորդական ջանքերը: Անկախ այս ամենից, Արցախի քաղաքական ինքնորոշումը կայացած ու անշրջելի փաստ է: Ինքնորոշված ու ազատ Արցախը Ադրբեջանին բռնակցելու և իր խանական լծի տակ դնելու ալիևյան մարմաջը անիրականանալի ցնորք է, որի հետևից գնալը կործանարար կլինի հենց Ադրբեջանի համար: Ցավակցում ենք մեր զոհված քաղաքացիների ու զինծառայողների ընտանիքներին և կիսում հարազատների վիշտը: Զորակցություն ենք հայտնում մեր բանակի զինվորներին, սպաներին ու հրամանատարներին, վստահ ենք մեր բանակի ուժին», - ասվում է հայտարարությունում:



