ԵՄ և Ադրբեջանի միջև անհամերաշխությունը կարող է բավական լուրջ հետևանքների հանգեցնել: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
Եվրախորհրդարանի՝ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի քննադատական գնահատականներ պարունակող բանաձևը ԵՄ առնչությամբ Բաքվի մի շարք կոշտ հայտարարությունների պատճառ է հանդիսացել: Ադրբեջանի ԱԳՆ-ը հետաձգել է Եվրահանձնաժողովի պատվիրակության այցը Բաքու, ինչը վտանգի տակ է դրել Ադրբեջան-ԵՄ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցությունները:
ՙՍակայն, Բրյուսելի և Բաքվի հայացքների տարբերության սահմանները սահմանափակված են շատ գործոններով, թեև Արևմուտքը կարող է սկզբունքայնություն դրսևորել Ադրբեջանի նկատմամբ, ինչը բազմիցս արդեն դրսևորել է Մերձավոր Արևելքում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Անդրկովկասում ռուսական դիրքերն ամրապնդելու ցանկության բացակայությունը կստիպի ԵՄ-ին, ինչպես և ԱՄՆ-ին, աչք փակել Բաքվի իշխանությունների ոչ ժողովրդավարական վարքագծի վրա:
Մարկեդոնովն ընդգծել է, որ նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների լույսի ներքո՝ Բաքվի և Բրյուսելի հարաբերություններում նոր հակասություններ կառաջանան: Ի հակակշիռ ԵՄ-ի՝ Ռուսաստանը Բաքվի իշխանությանը համարում է կանխատեսելի և հուսալի գործընկեր՝ արտաքին ցանկացած միջամտություն ընտրություններին դիտարկելով որպես ինքնիշխանությանը վնասելու փորձ և հերթական ՙգունավոր հեղափոխության՚ ուրվական: Այս համատեքստում վերլուծաբանը կանխատեսում է Մոսկվայի կողմից Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք ընտրությունների արդյունքների լեգիտիմության ճանաչում:
Միաժամանակ վերլուծաբանը վաղաժամ է համարում Բաքվի մոտալուտ արտաքին քաղաքական շրջադարձի մասին խոսակցությունները՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի և ԵՄ հարաբերություններն զգալիորեն տարբերվում են Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ վերջինիս հարաբերություններից: Նշելով, որ Բաքուն երբեք եվրոպական ուղղությունն արտաքին քաղաքականության գերակայություն չի դիտարկել՝ Մարկեդոնովն ընդգծում է, որ Ադրբեջանի հետաքրքրությունն ուղղված է ԵՄ հետ էներգետիկ գործընկերությանը:
ՙՄի շարք եվրոպական երկրներից բացի, Ադրբեջանի հետ նման գործընկերությամբ շահագրգռված է նաև ԱՄՆ-ը՝ ՙնավթ՝ ժողովրդավարության փոխարեն՚ սկզբունքով՝ Բաքուն Մոսկվայի ՙէներգետիկ հակակշիռ՚ դարձնելու վերջնանպատակով: Եվ քանի դեռ նման պահանջարկ կա, Ադրբեջանը կարող է այնքան էլ չանհանգստանալ Արևմուտքի հետ անհամերաշխութան առնչությամբ: Բաքվի հասցեին քննադատությունը, ամենայն հավանականությամբ, դոզավորված կլինի, թեև մոռանալ ՙժողովրդավարական արժեքների մասին՚ ադրբեջանական իշխանությանը, իհարկե, թույլ չեն տա՚,- նշել է վերլուծաբանը:
ՙԱդրբեջանական իշխանությունը շահագրգռված չէ ուժի կենտրոնների միջև վերջնական ընտրության հարցում: Դեպի Մոսկվա շրջադարձ կատարել թույլ չի տալիս ղարաբաղյան հակամարտության և Հայաստանի հետ Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունների ընկալումը: Դրանից առաջանում է Ռուսաստանին հակակշռի պահանջարկը՝ Արևմուտքի հետ էներգետիկ ոլորտում փոխգործակցության վրա հիմնված հարաբերությունների տեսքով՚,- ամփոփել է վերլուծաբանը: