
1975 թվականի օգոստոսի 1-ին ստորագրված Հելսինկյան եզրափակիչ ակտը թույլ տվեց անվտանգության մթնոլորտ ձևավորել Եվրոպայում, սակայն տարիներ շարունակ ծառայած այդ հիմունքներն այսօր վտանգված են: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Մարսել Պեշկոյը` սեպտեմբերի 16-ին Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրման 40-րդ տարելիցի առթիվ Երևանում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ:
«Մենք պետք է կրեատիվ մոտեցումներ գտնենք նոր և հին մարտահրավերների քննարկման համար, որոնց այսօր բախվել ենք: Հայաստանը պետք է և կարող է դերակատարում ունենալ այդ գործընթացում», - նշել է Պեշկոյը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինն իր հերթին հայտարարել է, թե Հիլսինկյան եզրափակիչ ակտը կարևոր փաստաթուղթ է համագործակցության համար: «Հայաստանը կազմակերպության կարևոր անդամ է: ԵԱՀԿ և Հայաստանի միջև համագործակցությունը նոր խթան է ստացել Երևանում կազմակերպության գրասենյակի բացմամբ», - նշել է նա:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով ընդգծել է, որ ընթացիկ տարում նշվում են կարևոր տարելիցներ` Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, Հոլոքոսթի զոհերի հիշատակի 70-ամյակը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակը, ՄԱԿ-ի ստեղծման և կանոնադրության ընդունման 70-ամյակը, Հելսինկիի Եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյակը:
Արտգործնախարարի ասելով, այս նպատակների իրագործման առանցքում անհնար է թերագնահատել Հելսինկիի եզրափակիչ ակտի կարևորությունը, որի «ստորագրությունը հետպատերազմյան Եվրոպայի այն կարևորագույն իրադարաձություններից է, որը մեծապես պայմանավորել է ինչպես տարածաշրջանի երկրների փոխհարաբերություններն ու համագործակցության ուղղությունները, այնպես էլ էական ազդեցություն է ունեցել ընդհանուր առմամբ միջազգային հարաբերությունների հետագա զարգացման վրա»:
«Չնայած Հելսինկիի խորհրդաժողովը վերջ չդրեց պատերազմներին, բայց կարևոր է, որ այն առաջարկեց համաեվրոպական խաղաղության մի նոր մոդել, որը խարսխված է մի կողմից մասնակից երկրների համագործակցության և անվտանգության, մյուս կողմից՝ մարդու իրավունքների պաշտպանության վրա: Հայաստանը, իրականացնելով ԵԱՀԿ շրջանակներում ստանձնած իր հանձնառությունները, հանդիսանում է Կազմակերպության ակտիվ անդամներից մեկը: Սերտ համագործակցություն է ձևավորվել ԵԱՀԿ կառույցների, նաև Երևանյան գրասենյակի հետ, որն այսօր Հարավային Կովկասում ԵԱՀԿ միակ լիարժեք ներկայությունն է, ինչն ինքնին խոսուն կերպով ցուցադրում է միջազգային համագործակցության հանդեպ Հայաստանի վերաբերմունքը և տարածաշրջանային առկա իրողությունները», - նշել է արտգործնախարարը:
Միջոցառման ավարտին կայացել է Հելսինկյան եզրափակիչ ակտի 40-րդ տարելիցին նվիրված հատուկ ծրարի մարում, որն իրենից ներկայացնում է յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք` թեմատիկ ծրար: Հատուկ ծրարը պատրաստվել է 1000 հատ տպաքանակով: Վրան պատկերված է Հելսինկյան եզրափակիչ ակտի 40-րդ տարելիցի լոգոտիպը:
Հատուկ ծրարի մարման արարողությանը մասնակցել են «ՀայՓոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵԱՀԿ հակամարտությունների կնախարգելման կնետրոնի տնօրեն Մարսել Պեշկոյը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը, ՀՀ ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: