


Արմինֆո. Սոցիալական ցանցերի հայկական հատվածում հայտնվել է սկանդալային ձայնագրություն, որում անհայտ անձինք ավտոբուսների վարորդներին կոչ են անում չվարել փոխադրամիջոցը, եթե ուղևորները չեն վճարում ուղեվարձը:
Ձայնագրությունում վարորդներին հորդորում են անտարբեր չմնալ քաղաքացիների կողմից ուղեվարձի վճարման նկատմամբ, իսկ ուղևորների հրաժարվելու դեպքում՝ դուրս չգալ երթուղի: "Ոչ ոք չպետք է անվճար երթևեկի։ Եթե նրանք չեն վճարում, ուրեմն տրանսպորտը չպետք է տեղից շարժվի ", - ասվում է ձայնագրությունում։
Անհայտ անձինք նաև վարորդներին առաջարկում են նստելուց առաջ ստուգել ուղևորների QR կոդերը: "Թող այն կոպեկով, որ դնում են, իջնեն, գնեն QR կոդը և նստեն հաջորդ ավտոբուսը", - նշվում է ձայնագրությունում:
Բացի այդ, ձայնագրությունում կոչ է արվում վարորդներին տեղեկացնել իրենց տրանսպորտում ընդդիմության ներկայացուցիչների առկայության մասին և միանգամից չբացել ավտոբուսի երկու դռները, որպեսզի կարողանան հետևել քաղաքացիների կողմից ուղեվարձի վճարմանը:
Կարելի է ենթադրել, որ վարորդներին հրահանգավորողները կամ Երևանի քաղաքապետարանի կամ "Երևանի ավտոբուսներ" ՓԲԸ ներկայացուցիչներն են։
ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը չի հաջողվել տարածված ձայնագրության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Երևանի քաղաքապետարանից:
Արձագանքելով աղմկահարույց ձայնագրությանը՝ Երևանի ավագանու ընդդիմադիր "Մայր Հայաստան" խմբակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը գրել է, որ կառավարող ուժի գործողություններն ընթացող բոյկոտի դեմ պետք է հերթական խթան հանդիսանան քաղաքացիների համար՝ դադարեցնելու քաղաքային տրանսպորտի անհիմն թանկացումը: Թևանյանը նաև ընդգծել է, որ բոյկոտն արդեն արժանապատվության հարց է դարձել քաղաքացիների համար:



