


Արմինֆո.Փետրվարի 4-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, այդ թվում նաև` պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Նշենք, որ դեռևս 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Կատրին Կոլոնան հայտարարել էր Երևանում Ֆրանսիայի ռազմական կցորդի նշանակման մասին՝ երկկողմ պաշտպանական համագործակցության հետագա ամրապնդման նպատակով։
Իսկ արդեն նույն թվականի հոկտեմբերի սկզբին Ֆրանսիան դրական էր արձագանքել Հայաստանի ռազմական օգնության խնդրանքին՝ Ադրբեջանից բխող սպառնալիքի ֆոնին։ Հոկտեմբերի 22-23-ը Փարիզում Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լեկորնյուի և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպմանը տեղեկացվել է Երևանին սպառազինություն մատակարարելու շուրջ համաձայնության մասին: Այն ժամանակ ստորագրվել էին համաձայնագիր Երևանին երեք Thales Ground Master 200 (GM200) ռադարների մատակարարման շուրջ, և փոխըմբռնման հուշագիր՝ փոքր հեռահարության Mistral ՀՕՊ համակարգերի մատակարարման վերաբերյալ։ Երկրորդ պայմանագիրը վերաբերում էր Երևանի կողմից գիշերային տեսանելիության հեռադիտակների, Safran-ի արտադրության սարքավորումների ձեռք բերմանը։ Ֆրանսիան Հայաստանին արդեն մատակարարել է 24 միավոր "Բաստիոն" տիպի թեթև զրահամեքենա։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը կստանա 50 նման մեքենա։


