


Արմինֆո.Հայաստանն ուշադրությամբ հետևում է Սիրիայում և նրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին և ողջունում է Աքաբայում համատեղ շփման խմբի նախարարական հանդիպման շրջանակում ընդունված համատեղ հայտարարությունը: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ թվիթերյան (X) էջում հրապարակված հայտարարությունում:
"Մենք հաստատակամորեն աջակցում ենք Սիրիայի բարեկամ ժողովրդին նրա պատմության համար այս վճռորոշ պահին և աջակցում ենք քաղաքական անցման ներառական և խաղաղ գործընթացին, հաստատապես հավատալով, որ հանդուրժողականությունը և ազգային միասնությունը Սիրիայում և ողջ տարածաշրջանում կայունության և խաղաղության միակ ճանապարհն են", - հավելել են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:
Նշենք, որ ըստ ԶԼՄ-ների, Հորդանանի Աքաբա քաղաքում Սիրիայի հարցով միջազգային հանդիպում է տեղի ունեցել Հորդանանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Իրաքի, Լիբանանի, Եգիպտոսի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև ԵՄ և ՄԱԿ ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ելույթ ունենալով մամուլի ասուլիսում ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Թուրքիայի, Եվրամիության և արաբական երկրների բարձրաստիճան դիվանագետները փոխհամաձայնության են եկել, որ Սիրիայում ցանկացած նոր կառավարություն պետք է աջակցի փոքրամասնությունների իրավունքներին: Հայտարարությունը հաջորդել է Հորդանանում տեղի ունեցած քննարկումներին և նախագահ Բաշար Ասադի տապալման համար պատասխանատու ընդդիմադիր խմբերի հետ անմիջական փոխգործակցությանը:


