
Հունիսի 22-23-ը Երևանում տեղի ունեցած բողոքի ցույցերի կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունից, հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է, որ հունիսի 22-ի երեկոյան հոսանքի գների պլանավորած թանկացման դեմ բողոքի դուրս եկած ցուցարարների և ոստիկանների պատասխանատու ու ընդհանուր առմամբ հարգալից վերաբերմունքը քաջալերող էր: «Խոսքի ու հանրահավաքների ազատությունը ցանկացած ժողովրդավարության հիմնարար իրավունքներն են և մեզ համար ուրախալի էր տեսնել, որ երկու կողմերն էլ գործում էին հարգելով այս իրավունքներն ու զերծ մնալով լարվածության սրումից»,-ասված է հայտարարության մեջ:
«Սակայն մենք մտահոգված ենք հունիսի 23-ի առավոտյան ցուցարարներին ցրելու ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման, ինչպես նաև ոստիկանության բաժանմունքներում տեղ գտած բռնությունների մասին հաղորդումներով: Բացի այդ, մեզ անհանգստացնում են հաղորդումներն այն մասին, որ գործողության իրականացման ընթացքում հատուկ թիրախ են հանդիսացել լրագրողներն ու նրանց սարքավորումները: Հրամայական է, որ կառավարությունը ՀՀ օրենսդրության շրջանակում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման մասին հաղորդումների ամբողջական ու թափանցիկ քննություն անցկացնի»,-ասված է ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ:
ՆՄշենք, որ հունիսի 23-ի առավոտյան ժամը 5:30-ին ՀՀ Ոստիկանությունը, օգտագործելով հատուկ տեխնիկա, մասնավորապես`ջրցան մեքենաներ, ցրել է Երևանում`նախագահական նստավայրի մոտ, անցկացվող նստացույցը: Ակցիայի մասնակիցները`շուրջ 500 մարդ, փախել են դեպի Ազատության հրապարակ, սակայն ճանապարհին նրանց դիմավորել են Ոստիկանության աշխատակիցները և կոշտ ուժ գործադրելով`ցուցարարներին բերման ենթարկել ոստիկանական տարբեր բաժանմունքներ:
Բերման ենթարկվածների թվում եղել են նաև լրագրողներ: Նրանց տեխնիկան ամբողջովին ոչնչացվել է: Լրագրողները, ոստիկանական բաժանմունքներից կապվելով իրենց խմբագրությունների հետ, հայտնել են, որ իրենց նկատմամբ ուժ են գործադրել, դաժան ծեծի ենթարկել: Կան նույնիսկ վիրավորներ, ովքեր տեղափոխվել են բուժհաստատություններ: Ընդհանուր առմամբ, տարբեր տվյալներով, բերման է ենթարկվել 237 մարդ: Նույն մեթոդով ցրվել է Գյումրի քաղաքում բողոքի ակցիան: Ակցիայի մասնակիցները բողոքել են էլեկտրաէներգիայի սակագների 7 դրամով բարձրացման դեմ`պահանջելով իշխանություններից չեղյալ հայտարարել այդ որոշումը և վերանայել նախկին սակագները: