
Հայաստանում, արտահանման պետական աջակցության շնորհիվ, էապես ավելացել է ձկան արդյունաբերության և արտահանման ծավալները: Այս մասին հունիսի 16-ին Երևանում մեկնարկած`«Առևտրի համաշխարհային կազմակերպություն. մուտք դեպի շուկա և ձկնաբուծության բնագավառում առևտրին առնչվող խնդիրներ›› խորագրով եռօրյա սեմինարի ընթացքում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Որպես ապացույց նա ներկայացրել է տվյալներ, որոնց համաձայն, ձկնեղենի համախառն արժեքը 2014 թ. կազմել է 28.7 մլրդ դրամ, տարեկան աճը` 24.6%, իսկ 2011-2014 թթ. ձկան արտադրությունն աճել է ավելի քան 2 անգամ, զգալիորեն մեծացնելով արտահանման ծավալները 2011 թվականի 1600 տոննայից 2014-իյ հասցնելով 270 տոննայի:
«Ձկնաբուծությունը Հայաստանի համար հեռանկարային ճյուղ է և ունի զարգացման մեծ ներուժ, որի լիարժեք օգտագործումը հնարավոր է միջազգային առաջատար կազմակերպությունների հետ համագործակցության, զարգացած երկրների պրակտիկայում առկա արդիական ռեսուրսախնայող և արդյունավետ տեխնոլոգիաների աստիճանական ներդրման, միջազգային չափանիշներին բավարարող արտադրանքի ստեղծման և ձկնամթերքի արտահանման ավելացման միջոցով»,- իր խոսքում ընդգծել է նախարարը:
«Եվրոֆիշ» միջազգային կազմակերպության տնօրեն Աինա Աֆանասևան իր հերթին շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին և իր երախատագիտությունը հայտնելով գյուղատնտեսության նախարարությանը մեծ աջակցության համար` հույս է հայտնել, որ այս տարածաշրջանային աշխատաժողովը, որը համախմբել է եվրոպական շուրջ 20 երկրների փորձագետների, կարևոր նշանակություն կունենա ամուր համագործակցության ծավալման, փորձի փոխանակման և ոլորտի վերջին զարգացումների մասին համապարփակ իրազեկման առումով:
Միջոցառումը կազմակերպել է ՄԱԿ պարենային և գյուղատնտեսական կազմակերպությունը (ՊԳԿ) EUROFISH ընկերության և Հայաստանի գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությամբ։ Սեմինարը կազմակերպել են ձկան և ձկնամթերքի միջազգային և տարածաշրջանային առևտրով, գոյակցության հուսալի միջոցներով և պարենային անվտանգությամբ շահագրգռված Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների համար։ Մասնակցում են Ալբանիայի, Հայաստանի, Բելառուսի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Էստոնիայի, Վրաստանի, Իսլանդիայի, Իտալիայի, Լատվիայի, Լիտվայի, Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետության, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Նորվեգիայի, Լոհաստանի, Ռումինիայի, Ռուսաստանի Դաշնության, Սերբիայի և Ուկրաինայի ներկայացուցիչներ։
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2014 թվականին երկրի ձկնաբուծության արտադրությունը կազմել է 28.7 մլրդ դրամ, տարեկան աճը դանդաղել է մինչև 24.6%, 2011-2013 թվականների 30-31% համեմատ: Սակայն, 2015 թվականի հունվար-ապրիլին ձկնաբուծության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 12 մլրդ դրամ, տարեկան աճը` 31.4%, ինչը բարձր է 2014 թվականի հունվար-ապրիլի 20.2%-ից և ցածր է 2013-ի հունվար ապրիլի 36.1%-ից: Գյուղատնտեսական արտադրության կառուցվածքում ձկնարդյունաբերության մասնաբաժինը 2015 թվականի առաջին չորս ամիսներին կազմել է 9%, 2014-ի 8,6%-ի, 2013-ի 6.9%-ի և 2012-ի 5.7%-ի փոխարեն: