


«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հունիսի 8-ին հերթական անգամ փորձել է շրջանառության մեջ դնել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի վերաբերյալ հայտարարության նախագիծը, ում աղմկահարույց անձը կրկին բուռն քննարկումների առարկա է դարձել:
Փոստանջյանն իր ելույթում նշել է, որ չորս դատվածություն ունեցող Սուրեն Խաչատրյանը ոչ միայն վտանգավոր է հասարակության համար, այլև իր հանցավոր գործողությունների մեջ է ներքաշում իր ընտանիքի անդամներին: «Նրա ընտանիքը, մասնավորապես, որդին, սկսել են լուրջ վտանգ ներկայացնել Հայաստանի և, հատկապես, սյունեցիների համար: Հետևաբար, խորհրդարանը, որպես կարևորագույն քաղաքական մարմին, պետք է իր դիրքորոշումը հայտնի», - հայտարարել է նա:
ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը նշել է, որ այդ հայտարարությունը բազմիցս քննարկվել է խորհրդարանում, սակայն շրջանառության մեջ չր դրվել, քանի որ դա ոչ թե հայտարարության տեքստ է, այլ դատավճիռ, որը կազմվել է պատգամավորի սուբյեկտիվ կարծիքի հիման վրա: ԱԺ խոսնակը նաև հավելել է, որ հայտարարության նախագիծը շրջանառության մեջ դնելու մերժման առնչությամբ Փոստանջյանի դատարան ներկայացրած հայցը մերժվել է, , ամենայն հավանականությամբ այն պատճառով, որ եղել է անհեթեթ:
Խոսնակի այդ հայտարարությունը վրդովել է Փոստանջյանին, ով հայտարարել է, որ Խաչատրյանների ընտանիքի վարքագիծը խայտառակում է անգամ հանրապետականներին: Նա հարց է տվել, թե արդյոք ՀՀԿ-ականները չեն ամաչում, որ չորս անգամ դատված մարդը մարզպետի պաշտոն է զբաղեցնում: Ի պատասխան` ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը «Ժառանգության» պատգամավորին հորդորել է չմիջամտել իրավական հարցերի:



