
Արմինֆո.Հայաստանի Գլխավոր դատախազությունը հանցագործության մասին հաղորդում է ստացել՝ ՌԴ 102-րդ ռազմակայանի ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից, իբր, Գյումրիում բնակվող ՌԴ քաղաքացի Դմիտրի Սետրակովի ձերբակալության առնչությամբ:
Ինչպես հաղորդել են ՀՀ գլխավոր դատախազությունից, հանցագործության մասին հաղորդումը ներկայացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
"ՀՀ Գլխավոր դատախազությունը հանցագործության մասին հաղորդում է ստացել։ Հաղորդմանը, Հայաստանի օրենսդրությանը համապատասխան, ընթացք է տրվել",- հայտարարել են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
Օրեր առաջ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հաղորդել էր, որ ռուսաստանցի Դմիտրի Սետրակովին ձերբակալել են դեկտեմբերի 7-ին՝ Հայաստանի հյուսիս-արևմուտքում: Իրավապաշտպանների ասելով՝ Սետրակովին, ով փախել է ռուսական բանակից և կարողացել է դուրս գալ երկրից, տեղափոխել են Գյումրիում տեղակայված ռուսական զինված ուժերի 102-րդ ռազմակայանի տարածք: Այնտեղից նրան սպառնում են վերադարձնել հայրենիք, որտեղ նրան քրեական գործ է սպասում։ Մինչդեռ, ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը պատմել են ուժային կառույցների աղբյուրները, ձերբակալմանն առնչվող միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Գյումրիում, այլ՝ Երևանի "Զվարթնոց" օդանավակայանում:
Ինչպես հաղորդել են աղբյուրները, Սետրակովը Ռուսաստանի ԶՈՒ պայմանագրային զինծառայող է։ Նա որոշ ժամանակ մասնակցել է ռուսական հատուկ ռազմական գործողությանը, որի ընթացքում ուսի վիրավորում է ստացել և հոսպիտալացվել: Վերականգնումից հետո բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է զինվորական ծառայության համար պիտանի, և պետք է վերադառնար զորամաս: Սակայն, Սետրակովը չի ցանկացել շարունակել ծառայությունը և երկար ժամանակ թաքնվել է։ Ավելին, նա կապ է հաստատել ուկրաինական "Ես ուզում եմ ապրել" նախագծի ներկայացուցիչների հետ, որը Ուկրաինայի՝ կամավոր գերի հանձնվելու և ռազմագերիների հետ վարվելու հարցերով պետական նախագիծն է՝ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի զինված ուժերի զինծառայողների համար։ Վերջիններս Սետրակովին առաջարկել են մեկնել Հայաստան։ Դրանից հետո նրանք զինծառայողի համակարգումը փոխանցել են "Գնացեք անտառով" և "Տապան" նախագծերին։
Ինչպես պատմել են աղբյուրները, Ստթրակովը ձերբակալվել է Երեւանի օդանավակայանում, քանի որ իրեն տարօրինակ է պահել: Նա երկիր է ժամանել դեկտեմբերի 4-ին՝ Մինսկի չվերթով։ "Սահմանային վերահսկողության ժամանակ նա չի կարողացել հստակ բացատրել իր՝ երկիր ժամանելու նպատակը։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ Սետրակովը Հարավային ռազմական օկրուգի (որի մեջ մտնում է 102-րդ ռուսական ռազմակայանը) գործող զինծառայող է եւ հետախուզման մեջ է՝ ՌԴ ՔՕ 337-րդ հոդվածի 5-րդ մասով ՝ "մեկ ամսից ավելի զորամասի կամ ծառայության վայրի ինքնակամ լքում":
Արդեն 102-րդ ռուսական ռազմակայանի ներկայացուցիչներին Սետրակովը հաղորդել է, որ փախել է զորամասից ՝ հետևելով ուկրաինամետ Telegram-ալիքներից մեկի հրահանգներին։
Ներկայումս Սետրակովը գտնվում է 102 ՌՌԿ-ում: Քրեական գործի շրջանակներում ստուգում է իրականացվում", - հաղորդել են աղբյուրները։
Ուշագրավ է, որ Սետրակովի նկատմամբ կուրացիայի փաստն ընդունել են նաև "Գնացեք անտառով" նախագծում ։ "Մենք այդ Դմիտրիի մասին լավ գիտենք, քանի որ մենք բառացիորեն մեկ շաբաթ առաջ նրան դուրս էինք հանում Ռուսաստանից, և նրա ձերբակալության մասին տեղեկացանք դեռ դեկտեմբերի 7-ին՝ նրա կնոջից, ում նա զանգահարել էր՝ արդեն լինելով ձերբակալված։ Նա ասել է, որ իրեն ձերբակալողները ներկայացել են որպես հայկական ռազմական ոստիկանություն, թեև, ըստ երևույթին, նրանք ռուս զինվորականներ են եղել", - հաղորդել է "Գնացեք անտառով" նախագծի հիմնադիր Գրիգորի Սվերդլինը։
Հայ իրավապաշտպանների տեղեկություններով ՝ Սետրակովին տարել են Գյումրիի ռուսական ռազմակայանի տարածք։ Ռուս ռազմական քննիչներն արդեն նրա նկատմամբ քրեական գործ են հարուցել զորահավաքի կամ մարտական գործողությունների ընթացքում ծառայության վայրը մեկ ամսից ավելի ժամկետով լքեելու հոդվածով (ՌԴ Քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 5-րդ մաս): Դրա համար նրան սպառնում է 5-10 տարվա ազատազրկում։ Սաքունցի ասելով՝ հետաքննությունը վարում է 519-րդ զինվորական քննչական բաժինը, որը գտնվում է Հայաստանի տարածքում:
"Գնացեք անտառով" նախագծում, որն օգնել է զինծառայողին լքել Ռուսաստանի տարածքը՝ բանակից դասալքությունից հետո, պատմել են, որ Սետրակովը զորակոչվել է Ռոստովի մարզից՝ 2022 թվականի սեպտեմբերին ։ 2023 թվականի ապրիլին նա ինքնակամ լքել է զորամասը, կես տարի թաքնվել Ռուսաստանում, սակայն հետո հոկտեմբերի 11-ին հանձնվել մեղայականով. այդ ժամանակից նրան պահել են ռազմական ոստիկանության կորպուսի զորամասում։ Նոյեմբերի 30-ին Սետրակովը կարողացել է փախչել Ռուսաստանից։