


Հայաստանում բիզնես շահերի գործող մեխանիզմները հնացել են և չեն համապատասխանում գործարար մթնոլորտի բարեփոխման չափանիշներին: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Փոքր և միջին ձեռներեցության ասոցիացիայի ղեկավար Հակոբ Ավագյանը:
Այդ համատեքստում նա ընդգծել է հանրապետությունում բիզնես-օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման կարևորությունը: Ավագյանի ասելով, այդ նախաձեռնության իրագործումն անմիջականորեն կազդի երկրում գործարար մթնոլորտի բարելավման վրա, կստեղծի փոքր և միջին ձեռներեցության պաշտպանության գործուն մեխանիզմներ, ինչպես նաև կխթանի ներդրումների հոսքը: Ընդ որում փորձագետը նշել է, որ նման ինստիտուտներ արդեն գործում են աշխարհի շատ երկրներում, իսկ վերջերս բիզնես-օմբուդսմենի գրասենյակ է բացվել նաև հարևան Վրաստանում:
Ավագյանն ընդգծել է, որ բիզնես-օմբուդսմենի ինստիտուտի ներդրումից հետո փոքր և միջին ձեռներեցության ներկայացուցիչները կարող են ավելի արդյունավետ պաշտպանել սեփական շահերը դատական ատյաններում, ինչպես նաև գրասենյակի փորձագետների հետ միասին գործուն մասնակցություն ունենալ ոլորտը կարգավորող օրենսդրության բարեփոխմանը: «Ամփոփելով` ցանկանում եմ ընդգծել, որ բիզնես-օմբուդսմենի ինստիտուտը բոլոր երկրներում համապատասխան պետական կառույցների արդյունավետ հակակշիռ է անօրինության, կոռուպցիայի և անգործության դեմ պայքարի գործում», - հավաստիացրել է փորձագետը:
Ուշագրավ է, որ Հայաաստանում բիզնես-օմբուդսմենի ինստիտուտի բացման անհրաժեշտությունը, որպես գործարար միջավայրի բարելավմանը նպատակաուղղված քայլ, ընդգծվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի հանրապետություն այցի ընթացքում: ՎԶԵԲ նախագահն այդ հարցը բարձրացրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ հանդիպումների ժամանակ: Վերջինի հավաստմամբ, Հայաստանի իշխանությունները ողջունում են այդ նախաձեռնությունը:



