Ադրբեջանը նացիստական պետություն է, և հայ ռազմագերու նկատմամբ դատը դրա հերթական ապացույցն է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
ԼՂՀ նախագահի ներկայացուցիչը ֆարս է համարել Բաղդասարյանի նկատմամբ դատավարությունը, որն ընթացել է դռնփակ, առանց արտաքին դիտարկման, առանց փաստաբանների և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների:
«Բաքվի գործողությունները, անպաշտպան գերիների նկատմամբ դաժան հաշվեհարդարի նրա մոլեգին ձգտումը նման են «Իսլամական պետության» գրոհայինների վայրագություններին: Ես կարծում եմ, որ միջազգային կազմակերպությունները և քաղաքակիրթ պետությունները պետք է հստակ եզրահանգումներ կատարեն, այլ ոչ թե Բաքվում անցկացնեն օլիմպիադա, որը հիշեցնում է 1938 թվականի Մյունխենի օլիմպիադան», - նշել է Բաբայանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ստեփանակերտում ականկալում են արձագանք Պետդեպարտամենտից, որը փետրվարին կոչ էր արել որպես «մարդասիրական ակտ» ազատ արձակել երկու ադրբեջանցի դիվերսանտներին, Բաբայանը նշել է, թե, անշուշտ, ԱՄՆ պարտավոր է արտահայտել իր հստակ դիրքորոշումը: «Ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը եղել է բաց, նրանց նկատմամբ ճնշում չի եղել` ոչ հոգեբանական, ոչ ֆիզիկական: Եվ եթե այդ ամենից հետո Պետդեպարտամենտը կոչ է անում «մարդասիրության», ապա պետք է անհամեմատ ավելի մեծ հետևողականություն դրսևորի հայ գերու պարագայում», - ասել է մամուլի քարտուղարը:
Բաբայանն ընդսմին հավելել է, որ Բաղդասարյանի դատավարությունն ադրբեջանցի դիվերսանտների նկատմամբ դատավճռի պատասխանը չէ, քանի որ «Ադրբեջանում գերիների նկատմամբ վայրագ վերաբերմունքի դեպքեր եղել են դեռ դիվերսանտներին առնչվող պատմությունից շատ առաջ»:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին պայմանագրային ծառայող Արսեն Բաղդասարյանը գերեվարվել էր 2014 թվականի դեկտեմբերի 26-ին: ԼՂՀ պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն, Բաղդասարյանն անկարգապահ վարքագիծ էր դրսևորել, ինչի արդյունքում ենթարկվել էր քրեական հետապնդման: Ձգտելով խուսափել դատից` նա փախել էր Ադրբեջան: Բաղդասարյանի նկատմամբ քրեական գործ էին հարուցել դիվերսիա կազմակերպելու փորձի մեղադրանքով: Մայիսի 5-ին նա դատապարտվել է 15 տարի ազատազրկման` խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում: