
Վատիկանում Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագից հետո նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Նորին Սրբության հետ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության նախագահը երախտագիտություն է հայտնել Սրբազան քահանայապետին` Սուրբ պատարագի համար:
Ի պատիվ պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի՝ Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի անունից երեկ երեկոյան ընթրիք է տրվել: Ելույթ ունենալով միջոցառման ժամանակ` պետության ղեկավարը Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչներին շնորհակալություն է հայտնել այն բանի համար, որ տասնամյակներ շարունակ ապրելով, ջանասիրաբար աշխատելով և արարելով Իտալիայում՝ դարձել են այդ երկրի կարևոր մասնիկն ու իրենց ամենօրյա ազգանվեր գործունեությամբ բարձր են պահում հայ ժողովրդի անունը, չեզոքացնում հակահայկական գործունեությունը և նպաստում հայ-իտալական կապերի առավել զարգացմանը։ «Պատմությունը թերթում է իր էջերը՝ փոխադարձ վստահության և հարգանքի վրա խարսխված հայ-իտալական պատմական հարաբերություններին նոր բնույթ հաղորդելով, որոնք Հայաստանի անկախության վերականգնումից հետո այլ որակ ստացան: Այսօր մենք ունենք համագործակցության հագեցած օրակարգ և նոր ծրագրեր: Պատահական չէ նաև Իտալիա և Սուրբ Աթոռ կատարած իմ այս այցը՝ ընդամենը մի քանի օրից Հայաստանում մեկնարկող Հայոց ցեղասպանության 100-ամյակի առանցքային միջոցառումների նախօրեին։ Սուրբ Աթոռը և Իտալիայի պատգամավորների պալատը, իտալական 5 նահանգի և 60 քաղաքի խորհուրդները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ինչը մենք գնահատում ենք ոչ միայն որպես համերաշխության դրսևորում հայ ժողովրդի հանդեպ, այլև՝ հավատարմություն համամարդկային արժեքներին: Մեզ համար շատ կարևոր է, որ վաղը Հայոց ցեղասպանության նահատակների համար Սուրբ Պետրոսի տաճարում առ Աստված աղոթք կբարձրացնի Կաթոլիկ աշխարհի առաջնորդ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը։ Խորապես շնորհակալ ենք Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին այս աննախադեպ պատարագի գաղափարի համար, որը տեղի է ունենում մեր Հայ Առաքելական եկեղեցու կողմից Ցեղասպանության զոհերի սրբադասվելուց երկու շաբաթ առաջ՝ դրանով իսկ խորհրդանշելով քրիստոնյա աշխարհի համերաշխությունը մեր ժողովրդի հետ:
Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեզ համար մարդկության դեմ երբևէ իրականացված մեծագույն հանցագործություններից մեկի, քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը ծրագրած ու իրագործած եղեռնագործների դատապարտումը չէ միայն։ Մեր բոլորի ճիգերը մեր անմեղ զոհերի, մեր տատերի ու պապերի հիշատակը հավերժացնելու, արդարությունը վերականգնելու ու նրանց ժառանգների ոտնահարված իրավունքները վերականգնելու համար չեն միայն։ Մեր պայքարն ամենից առաջ այդ մեծագույն հանցագործության հետևանքով աշխարհից պակասած սիրո ու երջանկության, հավատի ու վստահության, հույսի ու ջերմության՝ քաղաքակրթության մեծագույն արժեքները քաղաքակիրթ աշխարհին ու մարդկությանը վերադարձնելու համար է։ Հազարապատիկ ճշմարտացի է իտալացի ժողովրդի մեծագույն զավակներից մեկը՝ Ալեսսանդրո Մանձոնին, երբ ասում է, թե հանցագործները մեղավոր են ոչ միայն իրենց կատարած հանցանքների, այլև այն ամբողջ չարիքի համար, որը խավարել է նրանց զոհերի սիրտը։ Մեր ջանքերը վերջին հարյուրամյակում միլիոնավոր մարդկանց սրտերը մթագնած խավարը ցրելու, նրանց հոգիները արդարության հավատով լուսավորելու համար է: Մենք՝ հայրենաբնակներս և սփյուռքահայերս, որպես ազգային հավաքականություն, մեծ ուժ ենք: Դրանում մենք պարբերաբար համոզվում ենք, մանավանդ, այն պահերին, երբ հրատապ անհրաժեշտություն կա համատեղելու և համադրելու ջանքերը մարտահրավերներին դիմակայելիս: Վճռական պահերին մենք կամք և գիտակցություն ունենք միաբանվելու՝ ի մի բերելու մեր հնարավորությունները հանուն համահայկական խնդիրների լուծման: Իտալահայ համայնքը ասվածի փայլուն օրինակներից է, և ես շնորհակալ եմ ձեզ ձեր պատրաստակամության համար: Սա ուժ է, որի հետ հաշվի են նստում և՛ մեր բարեկամները, և՛ ոչբարեկամները», - նշել է Հայաստանի նախագահը: