


Արմինֆո. Անկարայից շարունակում են սպառնալիքներ տեղալ Երևանի հասցեին՝ Երեւանում "Նեմեսիս" գործողության հերոսների հուշարձանի տեղադրման պատճառով ։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է, թե "Թուրքիան զիջումներ է արել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում"։ Ընդ որում, նա հավելել է, թե Անկարան ձեռնարկել է այդ քայլերը, որպեսզի իր ներդրումն ունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում: Այդ առնչությամբ նա Հայաստանին մեղադրել է անկեղծ չլինելու համար։ "Մենք չենք ընդունում մեր օսմանյան փաշաներին և ադրբեջանցի եղբայրներին սպանած անձանց հուշարձանի տեղադրումը։ Թուրքական կողմը պաշտոնական Երեւանին նախազգուշացրել է հուշարձանի ապամոնտաժման հետ կապված եւ այդ հարցով նոր քայլեր կձեռնարկի Հայաստանի նկատմամբ", - նշել է Չավուշօղլուն, հավելելով, որ միայն օդային տարածքի փակմամբ գործը չի ավարտվի։
Նշենք, որ ապրիլի 29-ին Թուրքիան առանց նախազգուշացման փակել է իր օդային տարածքը հայկական Flyone Armenia ավիաընկերության դեպի Եվրոպա չվերթների համար: Այդ առնչությամբ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան փակել է երկինքը Հայաստանի ինքնաթիռների համար "ի պատասխան Երևանում տեղի ունեցած սադրանքի"՝ ապրիլի 25-ին "Նեմեսիս" գործողության մասնակիցների հուշարձանի բացման։



